Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն
Ս. Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում
Այս տարի սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Խաչվերացը` հինգերորդ տաղավար տոնը: Այդ առթիվ ժամը 11.00-ին տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Նույն օրը երեկոյան ժամերգությունից (ժամը 17.00-ին) հետո բոլոր եկեղեցիներում կկազմակերպվի խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը կպտտեցվեն եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կկատարվի նաև Անդաստան, որի ընթացքում կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Օրհնված ռեհանը կբաշխվի հավատացյալներին:
Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի շարք համայնքներում կիրականացվեն նաև տոնական միջոցառումներ, կմատուցվի սիրո ճաշ:
Տոնի խորհրդի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով.
Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն
Տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 10-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Ս. Խաչվերացի տոնի առթիվ Երևանի բանուկ կանգառներում կիրականացնեն Խաչի քարոզ: Այս անգամ նրանք ընտրել են «Կինո Հայրենիք»-ից դեպի «Հայրենիք» առևտրի կենտրոն հատվածի կանգառները։ Երիտասարդներն օրհնված խաչեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:
Ժամը 10:00-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը կօրհնի մասնակիցներին, որից հետո նրանք կուղևորվեն Արշակունյաց և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկ:
Խաչի քարոզը հասարակության կողմից լայն արձագանքներ է ստանում, ինչն առիթ է տվել երիտասարդներին այն դարձնել շարունակական և իրականացնել Հայ Եկեղեցու՝ խաչին նվիրված բոլոր տոների ժամանակ:
Խաչերթեր Ս. Խաչվերացի տոնի առթիվ
Սիրով հրավիրում ենք մասնակցել Ս. Խաչվերացի տոնակատարություներին, որոնք կազմակերպվելու են Արարատյան Հայրապետական թեմի համայքներում:
Սեպտեմբերի 10-ին` Նախատոնակ
Ժամը 16:00-ին Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միությունը և հավատացյալները, հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ, Գետազատի միջնակարգ դպրոցից խաչերթ կիրականացնեն դեպի Ս. Դավիթ մատուռ:
Ժամը 17։00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հավատացյալները, հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ, Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու բակից խաչի թափորով կքայլեն դեպի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: Եկեղեցում կկատարվի Անդաստան:
Սեպտեմբերի 11-ին` Ս. Խաչվերաց
Ժամը 11-ին՝ Ս. Պատարագ բոլոր եկեղեցիներում:
Ժամը 17.00-ին` ժամերգության ավարտին.
Ս. Երրորդություն եկեղեցում բակում ժամերգության ավարտին խաչի թափորը կպտտվի եկեղեցու շուրջ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակույթի բաժնի նախաձեռնությամբ բակում կկազմակերպվի տոնախմբություն` ազգային երգուպարով:
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանի և խորհրդակատար Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանի գլխավորությամբ կիրականացնեն տոնին նվիրված խաչերթ: Հավատացյալները շարականների ուղեկցությամբ եկեղեցուց կշարժվեն դեպի Ս. Գրիգոր Նարեկացու արձան, որտեղ քահանան կօրհնի բոլոր մասնակիցներին: Խաչերթի ընթացում շենքերի բնակիչներին և անցորդներին կներկայացնեն տոնի խորհուրդը և աղոթագրքեր կբաժանեն:
Ս. Կաթողիկե եկեղեցու բակից հավատացյալները հոգևոր հովիվ Տ. Ավետիս ավագ քահանա Դանիելյանի գլխավորությամբ թափոր կազմած և շարականների ուղեկցությամբ կքայլեն Տերյան-Աբովյան-Սայաթ Նովա փողոցներով և անցորդներին կպատմեն Ս. Խաչի տոնի մասին:
Սեպտեմբերի 12-ին` Մեռելոց
Ժամը 10.30-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս.Պատարագ: Ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ բոլոր ննջեցյալների:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին