Արայիկ Խանդոյանին թույլ չեն տալիս հանդիպել վստահված անձանց հետ
Հատուկ քննչական ծառայությունը խախտում է Արայիկ Խանդոյանի նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները: "Իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ իրականացվում է հերթական ապօրինի և քաղաքական հետապնդում, Հատուկ քննչական ծառայությունը ակնհայտ անօրինություն է դրսևորում՝ թույլ չտալով իմ պաշտպանյալին հանդիպել իր վստահված անձանց հետ:Փաստորեն իմ պաշտպանյալը չի կարող իր իրավունքն իրացնի",- այս մասին "Ա1+"-ին ասաց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Ըստ պաշտպանի՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու մինչև 3 վստահված անձանց հետ: "Հորդորում եմ Հատուկ քննչական ծառայությանը, որ ղեկավարվի միայն օրենքով և սահմանադրությամբ և դուրս չգա իր լիազորություններից",- ավելացրեց պաշտպանը։ Խնդրին լուծում տալու համար վաղը Արա Ղարագյոզյանը Գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք կներկայացնի։