Խախտվում են բանաստեղծուհու հեղինակային իրավունքները
Լույս է տեսել ամերիկաբնակ երգչուհի, բանաստեղծուհի Սեդա Ղարիբյանի «Իմ աշխարհը» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ամփոփված են բանաստեղծուհու վերջին 15 տարիների ստեղծագործությունները։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում բանաստեղծուհին նշեց, որ միաժամանակ, թառահար Արտեմ Խաչատրյանի հետ ձայնագրել է «Բայց դու« երգը եւ իր ստեղծագործության հիման վրա գրված «Լույս» երգը։ Սեդա Ղարիբյանի դիտարկմամբ՝ իր ստեղծագործությունները բավական ճանաչված են եւ սիրված, միայն թե հաճախ իր բանաստեղծությունները վերագրում են հայ անվանի այլ ստեղծագործողներին։ Բանաստեղծուհին ասում է, որ հեղինակային իրավունքները պաշտպանելու համար այնուհետեւ դիմել են Յութուբի պաշտոնական գրասենյակ, սակայն Յութուբն առհասարակ հեռացրել է ձայնագրությունները։ Միայն թե սա էլ լուծում չէ, քանի որ դրանից հետո իր պաշտոնական էջից ուրիշներն են սկսել տարածել իր ստեղծագործությունները՝ կրկին առանց բանաստեղծուհուն հղում տալու։ Սեդա Ղարիբյանի խոսքերով, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի Հայաստան կվերադառնա մենահամերգի ծրագրով։