Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է գնալ, քվեարկել եւ փոխել մի բան» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

Հայաստանում կարելի է 1000 դրամով ձայն գնել, ու սա ազգային ողբերգություն է. ասում է «Հայկական վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արթուր Միսակյանը՝ որպես օրինակ բերելով այս օրերին ընթացող ՏԻՄ ընտրությունները. «Ամենավատն այն է, որ դրա պահանջարկը կա, հասարակությունն այնքան թշվառական է, որ անգամ 1000 դրամն են մեծ գումար համարում, կամ առաջնորդվում են «շնից մազ պոկելն էլ է քյար» ասացվածքով ու գնում-ընտրում են մեկին, ում կյանքում չեն տեսել»,- ասում է Միսակյանն ու հավելում՝ ընտրությունների մեխանիզմներում ոչինչ չի փոխվել: ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը կարծում է, որ ոչ բոլորն են փողի համար ընտրում իշխանական թեկնածուին. «Ոչ բոլորն են փողին թամաշա, բայց մարդիկ վերցնում են, որովհետեւ եթե չվերցնեն, ուրեմն չեն ընտրելու, եթե չեն ընտրելու, ուրեմն հաստավզերն են գալու, իրանցից հետո էլ նաչալնիկներն են գալու ու պահանջելու են դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից»: ԲՀԿ-ն նույնպես ՏԻՄ ընտրությունների  ժամանակ հանդիպել է խոչընդոտների, սակայն դա, ըստ Լյովա Խաչատրյանի, նրանց թեւաթափ չի արել. «Դուք գիտեք միջադեպ տեղի ունեցավ Մասիսում, բայց ո՞ւմ հետ չի պատահում, գիտենք, որ ոչ բոլորն են կարողանում դիմադրել ֆինանսական ապարատի ճնշմանը, բայց դա ոչինչ չի նշանակում. ԲՀԿ-ն ակտիվ մասնակցում է ընտրություններին, 80 համայնքում առաջադրվել է եւ ակնկալիքներ ունենք բոլոր տեղերից»: «Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս են նրանք պատկերացնում  պայքարը այս մեխանիզմների դեմ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Նախ ընտրական օրենսգրքում պետք է պայմաններ դնել, որ կեղծիքները քչանան, բայց ԱԺ-ում դեռ դա չի ստացվում: Պետք է մարդիկ ոտքի կանգնեն մի անգամ ու քվեարկեն վերջապես»: «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանն էլ պայքարելու համար հորդորում է մարդկանց քվեարկել խղճի մտոք, ոչ թե փողով ու պարտադրանքով. «Դա գցում է մեր պետությանը խորը փոսի մեջ, որից չենք կարողանում արդեն տարիներ շարունակ դուրս գալ: Պետք է գնալ, քվեարկել եւ փոխել մի բան, ոչ թե ասել ոչինչ չի փոխվի ու մնալ տանը:  Իրենց  մեկ քվեով պետք է վճռորոշ դարձնեն ընտրությունները: Պետք է անընդհատ խոսել,ասել, որ գոնե  ապագա, եկող սերունդը  այդպիսին չլինի»: