Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախցի չեմպիոնին ոսկե մեդալն այնքան էլ հեշտ չի տրվել

Հասարակություն
manuel

Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստների նվաճած երկու ոսկե մեդալներից մեկը կուղևորվի Արցախ: Մինչև 18 տարեկանների մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրել  է ստեփանակերտցի Մանուել Պետրոսյանը, ում շախմատը սկսել է հետաքրքրել վաղ տարիքից: «Երկու տարեկանում առաջին անգամ տեսա շախմատը, հետաքրքրեց, սկսեցի որպես խաղալիք խաղալ»,- մեզ հետ զրույցում պատմեց ոսկե մեդալակիրը: Պրոֆեսիոնալ շախմատով Մանուելը զբաղվում է շուրջ 12 տարի, իսկ նրա շախմատային կյանքը սկսվել է ծննդավայրի շախմատի դպրոցից: «Չորս տարեկանից Ստեփանակերտում հաճախել եմ շախմատի դպրոց: Ծնողներս որոշեցին, որ պետք է տանեն շախմատի, այդպես ստացվեց, որ շախմատիստ դարձա»,- ասում է Մանուելը: Մինչև 18 տարեկան պատանիների առաջնությանը մասնակցում էին 110 շախմատիստներ տասնյակ երկրներից, և, չեմպիոնի խոսքով, ոսկե մեդալն այնքան էլ հեշտ չի տրվել: «Մրցակիցներիս հիմնականում ծանոթ էի, բայց շատ էին մասնակիցները ու դժվար ստացվեց ինչ-որ չափով»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը: Արցախցի 18-ամյա գրոսմայստերի համար հաջորդ ստուգատեսը աշխարհի պատանիների առաջնությունն է, իսկ նորընծա չեմպիոնը հավաստիացնում է, որ գնալու է մարտական տրամադրությամբ և ոսկե մեդալի ակնկալիքով: