Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը կմասնակցի դատական նիստերին (տեսանյութ)

Հասարակություն
nkar-gagik

«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը կմասնակցի Վերաքննիչ քրեական դատարանի հաջորդ նիստին, որտեղ քննարկվելու է  նրա խափանման միջոցը՝ կալանքը  փոխելու հարցը. «Գագիկ Եղիազարյանի պաշտպանը փաստաբան Լուսինե Հակոբյանն է, որ այսօր չէր կարող մասնակցել դատական նիստին եւ տեղեկացրել էր դատարանին այդ մասին, միջնորդություն էր ներկայացրել՝ ապահովել Գագիկ Եղիազարյանի ներկայությունը, մասնակցությունը դատական նիստին: Դատարանը որոշեց բավարարել այդ միջնորդությունը եւ բողոքի քննությունը հետաձգել»,-ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Գագիկ Եղիազարյանի հայրը՝ Պավել Եղիազարյանը, չի հավատում դատական համակարգի արդարությանը: Ասում է, որ որդու նկատմամբ  արդեն մի քանի տարի է   քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա տեղյակ չի եղել որդու ծրագրերից: Պարեկապահակային ծառայության շենքը գրավելու օրը որդու պահվածքում էլ որեւէ արտառոց բան չի նկատել: «Հուլիսի 16-ի երեկոյան եւ օրվա մեծ մասը՝ ցերեկը,  Գագիկը տանն է եղել, երբեմն օրվա ընթացքում դուրս է եկել իր գործերով, այդ թվում նաեւ Երեւան քաղաք է գնացել 1-2 ժամով, մնացած մասը հիմնականում տանն է գտնվել, մինչեւ ուշ ժամի: 11 անց կեսի, 12-ի կողմերը դուրս եկավ, իսկ մինչ այդ երեկոյան արդեն ասել էր, որ արշավի պետք է գնան Թեղենիս»,-նշեց նա: «Սասնա ծռերի» գործողությունների մասին Պավել Եղիազարյանն իմացել է հաջորդ օրը ցերեկը միայն, չնայած նրան, որ առավոտյան ժամը 6-ից իրեն առանց որեւէ բացատրության պահել են ոստիկանական բաժանմունքում: Այս ամբողջ ընթացքում նա չի շփվել որդու հետ: Գագիկի մասին գիտի այնքան, որքան փաստաբանը՝ առողջական խնդիրներ չունի եւ ընկճված չէ: Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանը ՊՊԾ գնդի տարածքից ոստիկանների կողմից դուրս էր բերվել ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, երբ վիրավորվել էին Պավել եւ Արամ Մանուկյանները։