Կոլումբիացի աղջիկն ուզում է բնակվել Հայաստանում (տեսանյութ)
Կոլումբիայից 23-ամյա Նատալյա Լաբրադա Զապատան ուզում է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: «Ես միշտ ասում եմ, որ 100 տոկոսանոց կոլումբիացի եմ, բայց իմ սիրտը պատկանում է Հայաստանին: Հաճախ ինձ հարցնում են՝ դու վստա՞հ ես, որ չունես հայկական արմատներ: Ասում եմ՝ այո, չունեմ: Ինչու՞ եմ սիրում Հայաստանը, չեմ կարող ասել: Դա մի զգացմունք է, որ չեմ կարող բառերով արտահայտել»,-ասում է նա: Նատալյան առաջին անգամ Հայաստանի մասին իմացել է յոթ տարեկանում, երբ պապիկի հին գրքերից մեկում տեսել է հայկական դրոշը: Այդ օրվանից սկսել է ուսումնասիրել հայոց պատմությունն ու մշակույթը, եւ հիմա կարող է վստահաբար ասել՝ Հայաստանի մասին ավելի շատ բան գիտի, քան իր երկրի: «Հայաստանում ամենից շատ սիրում եմ ժողովրդին: Հայաստանի գանձը հայ ժողովուրդն է: Սիրում եմ առավոտյան գնալ Կասկադ, նստել ու նայել Արարատին»: Մարկետոլոգի մասնագիտություն ունեցող աղջիկը ոչ միայն նայում է Արարատին, այլեւ նկարում։ Նկարում է նաեւ հայ կանանց, զինվորներին։ Զբոսշրջիկի կարգավիճակով երկրորդ անգամ է Երեւանում, բայց տխրում է, որ շուտով վերադառնալու է Կոլումբիա: «Ես ուզում եմ ապրել Հայաստանում, չեմ ուզում գնալ: Արդեն ինքնաթիռի տոմս եմ գնել հոկտեմբեր ամսվա համար, եւ հույս ունեմ, որ կգամ եւ ընդմիշտ կմնամ Հայաստանում: Ուզում եմ լինել այստեղ՝ իմ ընկերների, հայ մարդկանց կողքին, հոգ տանել նրանց մասին ու դարձնել նրանց երջանիկ: Ձեր երջանկությունն իմ երջանկությունն է»,-նշում է նա: 23-ամյա կոլումբիացին դեռ չի կողմնորոշվել, թե Հայաստանում ինչով է զբաղվելու, ինչպես է գումար վաստակելու, պարզապես մոլորակի մեկ այլ կետում իր կյանքը չի պատկերացնում: