«Սպիտակ արջի» դպրոցի գորշությունը (տեսանյութ)
Կեսգիշերին Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոն դարձած ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մարզվում է մի մարզադպրոցում, որը զուրկ է կոմունալ տարրական պայմաններից։ Ընդ որում՝ Գյումրիի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցը կրում է հենց նրա՝ «Սպիտակ արջի» անունը։ Շենքն ունի կապիտալ նորոգման, ինչպես նաև ջեռուցման համակարգը փոխելու կարիք: Անհրաժեշտ է նաև դպրոցը զինել համապատասխան գույքով:
2014թ.-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել էր մարզադպրոց և ծանոթացել էր տիրող իրավիճակին: Նախարարը հավաստիացրել էր, որ շինաշխատանքների մեկնարկը կտրվի: Մարզադպրոցը նորոգելու խոստում մեկ տարի առաջ էլ տվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, այն պայմանով, որ դպրոցը կանվանափոխեն Արթուր Ալեքսանյանի անունով: Անվանափոխությունը կատարվել է, սակայն դպրոցն այդպես էլ չի վերանորոգվել։
Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն այսօր այցելել է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոց եւ հրապարակել լուսանկարներ ֆեյսբուքյան իր էջում։


