Ե՞րբ գյուղացին կկարողանա ապահովագրել իր բերքը (տեսանյութ)
2017 թվականին գյուղատնտեսության նախարարությունը կսկսի բուսաբուծության ու պտղաբուծության ոլորտների ապահովագրության պիլոտային ծրագիր: Եթե այն արդյունավետ անցնի , ապա տարվա վերջին նույն ծրագիրը կմեկնարկի նաեւ անասնապահության ոլորտի համար: «Գերմանական զարգացման բանկի հետ քննարկել ենք եւ արդեն իսկ վերջացրել ենք այն մեթոդոլոգիան, որը անհրաժեշտ է Հայաստանում ապահովագրական համակարգի ներդրման համար: Այժմ կատարվում են ֆինանսական գնահատումներ»,- ասում է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Փոխնախարարը բնական աղետների պատճառած վնասներից խուսափելու համար` արդյունավետ միջոց է համարում նաեւ ենթակառուցվածքների, օրինակ՝ հակակարկտային կայանների ավելացումը: Ըստ նրա միայն պիլոտային ծրագրերից հետո կպարզվի, թե որ համակարգն է ավելի արդյունավետ մեր երկրի համար. «Այսօր չի կարելի ասել, թե ինչքանով իրատեսական է այդ համակարգը աշխատելու Հայաստանում: Բայց գոնե այն աշխատանքները , որ իրականացվում են նպատակ ունեն լավագույն փորձը ներդնել երկրում: Հետո կհասկանանք թե, որ ծրագիրը ավելի կբավարարի մեր պահանջներին»,- նշում է նա: