Ծաղրանկարների գողերը հանգիստ չեն ունենա (տեսանյութ)
Երեւանում աննախադեպ գողություն է տեղի ունեցել։ Կոտրելով Մեդիալաբ կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի հետևի ապակին՝ մեքենայից տարել են հասարակական-քաղաքական գործիչներին վերաբերող 107 ծաղրանկար։ «Սա միանշանակ ուղղված է մեր գործունեության դեմ, և միանշանակ սա ոտնձգություն է մամուլի ազատության դեմ, որովհետև ամբողջ աշխարհում ծաղրանկարչությունը համարվում է ամենաազդեցիկը։ Միայն բռնապետական երկրներում, ինչպիսին օրինակ Թուրքիան է, կարող են նման դեպքեր արձանագրվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Մարիաննա Գրիգորյանը։ Իսկ այդ ծաղրանկարները մի քանի ժամ առաջ ցուցադրվում էին Մաշտոցի պուրակում։ «Չաչգելված» խորագրով ցուցահանդեսներ արդեն կազմակերպվել են Վանաձորում և Գյումրիում։ Ըստ Մեդիալաբի խմբագրի՝ իրենք ցուցադրության փորձել են կազմակերպել փակ տարածքում, սակայն դրանց տերերն իրենց մերժել են՝ ծաղրանկարների հերոսների ով լինելը պարզելուց հետո։ «Ծաղրանկարներում պատկերված էին բոլոր հետաքրքիր դերակատարները՝ իշխանության ներկայացուցիչներ, մենք բոլորին էլ անդրադարձել ենք։ Երևի մտածել են շարունակելու ենք մեր ցուցահանդեսները և փորձել են դադարեցնել»։ Ծաղրանկարները գողանալով հնարավոր չի լինի խափանել դրանց հետագա ցուցադրությունը, քանի որ պահպանված են թվային տարբերակները։ Մարիաննա Գրիգորյանը պնդում է՝ բռնարարքի հեղինակները չեն հասել մեկ այլ նպատակի ևս՝ ահաբեկել ստեղծագործական կազմին։ «Ծրագրի 10 ամիսների ընթացքում տարբեր կարգի տարբեր օղակներից մեսիջներ են եղել և վերջիվերջո հասել ենք սրան։ Մենք ամեն ինչին հումորով ենք վերաբերում։ Ըստ երևույթին՝ շատ են սիրում մեր ծաղրանկարները և ուզում են իրենց գրասենյակներում ունենալ»։ Ոստիկանությունից տեղեկացրին, որ արարքը կատարողներին հայտնաբերելու համար կատարվում է հետաքննություն, Իսկ Մարիաննա Գրիգորյանը բռնարարքի հեղինակներին ու կատարողներին զգուշացնում է՝ նրանք առաջիկայում էլ հանգիստ չեն ունենա ու թող սպասեն նոր ծաղրանկարների։