Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը միայն բարոյապես է օժանդակում «Ջերմիկ անկյանը» (տեսանյութ)

Հասարակություն
jermik

«Ջերմիկ անկյուն» խմբային տան բնակիչները 18 տարին լրացած չափահասներ են, որոնք հատուկ կրթահամալիրներ ավարտելուց հետո պետության կողմից աջակցություն չունեն եւ մնում են անորոշ կարգավիճակում: Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 300 է, սակայն «Ջերմիկ անկյուն»-ում կարող են ապրել միայն  14 անձ: «Քանի որ մեր կենտրոնը ապրուստի վայր է, բնականաբար տեղերը սահմանափակ են, նույնիսկ մեկ ավելի բնակիչ չենք կարողանում ներառել: Նորերի համար նոր տուն պետք է ստեղծենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանը: Տիկին Կիրակոսյանի խոսքերով՝ իրենք մեծ ցանկություն ունեն ու պատրաստ են ընդլայնվելու, իսկ մինչ այդ խմբային այս տանը կարող են ապրելու համար կան կոնկրետ չափորոշիչներ. «Դրանցից մեկն այն է, որ նրանք լինեն միայնակ, քանի որ մեր առաքելությունը չէ ընտանիքներից կտրելը: Նրանք պետք է լինեն 18 տարին լրացած եւ մտավոր հաշմանդամություն ունենան»: Խմբային տունը, որը 3 հարկանի առանձնատուն է Երեւանի Սիլիկյան թաղամասում, գործում է ամերիկացի հիմնադիրի եւ մի շարք բարերաների աջակցությամբ, մեր պետության կողմից կա միայն բարոյական աժանդակություն: Ելենա Կիրակոսյանը փաստում է՝ իրենց կենտրոնում ապրող երիտասարդները ձեռք են բերում մի շարք հմտություններ, կարողանում են ապրել լիարժեք եւ ինքնուրույն կյանքով: «Ինձ շատ լավ բան տվեց կենտրոնը, ինձ ուրախացրեց: Ամբողջ օրը աշխատանք եմ անում. ես շյուղերով շորեր եմ գործում, տիկնիկ եմ գործել»,- ասում է «Ջերմիկ անկյուն» խմբային տան սան Կապանից եկած 36-ամյա Գայանե Սիմյոնովան:    Նրա համար առանձնահատուկ էր այս տարի իր ծննդյան տարեդարձի նշումը. «Իմ ծնունդին ես գնում եմ խանութներ, ես ինձ համար շատ լավ բաներ եմ առնում, իմ ծնունդին ոսկե ականջող եմ առել: Իմ երազանքն է դա եղել»:  Նա հպարտանալու առիթ էլ ունի. «Առանց խնամողի օգնության ես բիսկվիտներ եմ պատրաստել: Սալաթեղեն եմ սարքում: Ես ամեն ինչ սարքում եմ, առաջ չէի կարողանում, հիմա ամեն ինչ սովորել եմ»: «Ջերմիկ անկյուն» խմբային տունը գործում է 2006թ. եւ այն տան բնակիչների համար մշտական կեցության վայր է: