Օսիպյանը «Սասնա ծռերի» համար դրամարկղը համարում է վտանգավոր (տեսանյութ)
«Սասնա Ծռեր» խմբի անդամներին օգնելու նպատակով այսօր դրամահավաք էր հրավիրվել Ազատության հրապարակում։ Սակայն միջոցառումն այնտեղ տեղի չունեցավ։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն արգելել է՝ այդ մասին տեղեկացնելով հեռախոսով. «Պարոն Օսիպյանը մերժում է ու պատճառաբանում հետեւյալը, որ արկղը տեղափոխելը վտանգավոր է, ես էլ պարոն Օսիպյանին խնդրում եմ, որ եթե այդքան շատ եք մտածում, ապա դիմում եմ ոստիկանությանը, որ մեզ աջակցեն, օգնեն այդ արկղը տեղափոխել»,-ասում է ակտիվիստ Նելլի Մինասյանը, ով փաստաբանից է իմացել, որ Արամ եւ Պավել Մանուկյանների, ինչպես նաեւ «Սասնա Ծռերի» այլ անդամների ընտանիքները ֆինանսական խնդիրներ ունեն: Մինչ Հյուսիսային պողոտա տեղափոխվելը, ակտիվիստներն, այնուամենայնիվ, փորձ են արել Ազատության հրապարակում դրամահավաքն անելու։ Անմիջապես հայտնվել են ոստիկանները: «Խոչընդոտելու հետ միասին՝ մոտեցան եւ ասացին, որ այդպիսի հոդված եւ օրենք չկա, որ մարդ կարող է ողորմություն անել»,-ասում է դրամահավաքին միացած Աննա Ստեփանյանը: «Սասնա Ծռերի» համար դրամահավաքը Հյուսիսային պողոտայում կշարունակվի նաեւ վաղը, եթե աղջիկների խոսքով՝ իրենց չվտարեն տարածքից: