Ազատության հրապարակի ակցիան ավարտվեց երթով (տեսանյութ)
23.00 Երթի մասնակիցները հասան դատապարտյալների հիվանդանոցի մոտ, առանց լուրջ միջադեպերի: Այնուհետեւ նրանք տեղում սկսեցին վանկարկել Սասնա ծռեր խմբի անդամների անունները: Որոշվեց վաղը նույնպես հավաքվել Ազատության հրապարակում: Ակցիայի մասնակիցները կրկին երթով շարժվեցին ետ, եւ այսպիսով այսօրվա ակցիան ավարտվեց: https://youtu.be/zjGnHm2bnTc 21.40 Հավաքի մասնակիցները որոշեցին երթ անել, ընթացքում որոշվեց գնալ դեպի դատապարտյալների հիվանդանոց: https://youtu.be/jE-xSIEcZX0 21.15 Սասնա ծռերը կայծը տվեցին, մնացած հրդեհը մեզանից է կախված, ասում է «Հայ կանանց ճակատի» անդամ Իրինա Հարությունյանը։ 21.00 Ազատության հրապարակ եկած Վարդգես Գասպարին խոսեց Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթից, որտեղ Սարգսյանն ասում է, թե, ոչ մեկին թույլ չի տա բռնությամբ հարցեր լուծել. «Որովհետև Սերժ Սարգսյանը համարում է, որ դա իր և իր մերձավորների մենաշնորհն է»,- նկատել տվեց Վարդգես Գասպարին։ Ելույթ ունեցողը հիշեցրեց, որ ամեն առավոտ ակցիա է իրականացնում Սերժ Սարգսյանի տան մոտ՝ ցուցապաստառներով իր ասելիքը տեղ է հասցնում։ Նաև անդրադարձավ ՀԱԿ-ի «պասիվ և անպատվաբեր» կեցվածքին և մարտի 1-ի 10 զոհերին։ Վարդգես Գասպարին պատրաստվում է ակցիա անել նաև Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց։ ................. Ազատության հրապարակում կրկին հավաք է։ Այն ուշացումով սկսվեց, քանի որ և մարդիկ էին քիչ և անձրևն էր խոչընդոտ։ Հանրահավաքի առավել ակտիվ մասնակիցները, ովքեր իրենց ասելով՝ ասելիք ունեն, ելույթ են ունենում։ Նրանցից մեկը պահանջեց ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին։ Տեղեկացվեց, որ ֆեյսբուքում բացվել է «Մենք ենք Սասնա ծռերը» անունով էջ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ առաջատար մասնագետ Դանիել Իոաննիսյանը իր ելույթում նշեց, թե չի պահանջում, որ Սասնա ծռերի անդամներին ու կալանավորված տղաներին ազատ արձակել, այլ միայն պահանջում է այն, որի համար Սասնա ծռերը վտանգեցին իրենց կյանքը, դա Հայաստանի հանրապետության լեգիտիմ իշխանության ձևավորումն է և լեգիտիմ նախագահ ունենալու իրավունքը։ «Տղաները մեզ մի պատգամ թողեցին՝ շարունակել պայքարը, ոչ թե պահանջել իրենց ազատությունը։ Մենք խաղաղ հավաքներով պետք է շարունակենք պայքարը և հասնենք իշխանափոխության; Սա է մեր գլխավոր պահանջը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։