Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասունանում է ուժային ողբերգական օպերացիան» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayk-martirosyan

Երեւանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, ինչպես Ա1+-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ընդհանրական չեն, այլ յուրաքանչյուրի խոսքն իր վարած քաղաքականությանը հարազատ էր. «Լեւոն ՏերՊետորսյանը որեւէ նորություն չի ասել: Սովորական, ստանդարտ, դեմագոգիկ բաներ են, եւ կարծում եմ՝ լավ կլիներ, որ մարդը չխոսեր. այստեղ լռությունը ոսկի է:Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, իշխանությունը պատրաստ չէ զիջումների, անգամ՝ փոխզիջոււմների: Ես կռահում եմ, որ հասունանում է ուժային ողբերգական օպերացիան, քանի որ զինյալներն ակնհայտորեն հակված չեն միակողմանի զիջումների, իսկ այդ ելույթով իշխանությունը պնդում է միակողմանի զիջումներ»: Իսկ Ռոբերտ Քոչարյանը լռում է, քանի որ, ըստ քաղաքագետի, հասկանում է, որ ժողովուրդն իրեն այնքան էլ չի սիրում ու չպետք է ավելի սրի այդ իրավիճակը. «Եթե ինչ-որ բան ասի, կամ պետք է նեղացնի գործող իշխանությանը, կամ ժողովրդին ավելի պետք է իրենից վանի, քանի որ նկրտումներ ունի՝ վերադառնալ քաղաքական դաշտ. փորձում է գոնե լռությամբ խնդիրը լուծել»: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքներին, ապա քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը առանձնացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որտեղ նա խստորեն դատապարտել է պարեկապահակային ծառայության շենքի զինված գրավումը. «ՌԴ-ից այլ արձագանք սպասելը զարմանալի կլիներ, այսինքն՝ բավականին օրինաչափ արձագանք է՝ ելնելով ՌԴ-ՀՀ իշխանությունների հարաբերություններից»: Քաղաքագետի համար կարեւոր էր ԱՄՆ պետ.դեպարտամենտի հայտարարությունը, որտեղ չի օգտագործվել ահաբեկիչ բառը, որ համառորեն փորձում են ՀՀ վրա փակցնել, որպեսզի ՀՀ-ն խայտառակ լինի ամբողջ աշխարհում, մեծ խնդիրների առաջ կանգնի. «Եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան տարբեր ատյաններում կսկսեն գոռալ, որ ՀՀ-ն ահաբեկչության նոր կենտրոն ու օջախ է»: Իսկ ԵՄ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում՝ հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների  առնչությամբ, իսկ ցուցարարներին՝ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից. «Որեւէ անսպասելի կամ էքստրաօրդինար, բացառիկ նրբերանգներ չկան»,- նկատում է քաղաքագետը: