Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիներն ակնկալում են պատգամավորների միջնորդական ջանքերը (տեսանյութ)

Քաղաքականություն
khrenaci2

Հայաստանի քաղաքացիները  հստակ չգիտեն՝ ինչ է տեղի ունեցել եւ տեղի ունենում Էրեբունու ՊՊԾ շենքի տարածքում, բայց  վստահ են՝ ստեղծված  իրավիճակը հասունացել է անարդարության պատճառով։ «Անարդարությունը և համբերության հատումը, բաժակի լցվելը բերել է այս վիճակին, կարելի է դիմանալ ինչ որ դժվարությունների, պատերազմների, հետպատերազմյա ահավոր շրջաններին, բայց անվերջ համբերելը հատուկ է խեղճ, անուղեղ և  ողբալի վիճակում գտնվող մարդուն»,- ասում է քաղաքացիներից մեկը։ «Կառավարությունը պետք է խելքը գլուխը հավաքի, այսքան ժամանակ ինչ արել, արել են հակառակ ժողովրդի, հիմա թող մտածեն հօգուտ ժողովրդի, թե չէ այսպիսի բաներ ավելի շատ է լինելու»,- նշում է մեկ այլ քաղաքացի։ Արդեն չորս օր է անցել, բայց իրավիճակի մասին լուռ է ոստիկանապետը, ժողովրդի առաջ հանդես չի եկել նաև Սերժ Սարգսյանը։ «Երկրի ղեկավարը պետք է ելույթ ունենա, այդ հարցերը իրենից էլ են կախված, որ ամեն ինչը խաղաղությամբ անցնի, արյունահեղություն չլինի»,- ասում է երևանցիներից մեկը։ Պայթյունավտանգ իրավիճակը հաղթահարելու հարցում քաղաքացիներն ակնկալում են պատգամավորների միջնորդական ջանքերը։ Սակայն անցած օրերը ցույց տվեցին՝ որ  միայն մի քանի պատգամավոր են ակտիվ, այդ եզակիներից մեկը Նիկոլ Փաշինյանն է։ «Նման մարդիկ պետք է շատ ի հայտ գան այսօրվա դրությամբ և լինեն նրանց կողքին, որ արյունահեղություն չլինի»,- կարծիք է արտահայտում թոշակառու մի կին։ Բանակցություններն ապստամբների ու իշխանությունների միջև այսօր էլ շարունակվում են։ Երևանցիների համար հստակ է՝ խնդիրը պետք է լուծվի բացառապես առանց արյուն թափելու։