Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմի դեպքում կարող է լինել ծրագրավորված պարտություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
dian

«Ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելը շատ լավ կլիներ, բայց դա անիրատեսական է։ Դա անիրատեսական է նաև նրանով, որ հիմա Ռուսաստանը դրանով չի առաջնորդվում, այսինքն իրենց համար դա անցած էտապ է։ Կա ստատուս-քվո։ Սա առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին, իհարկե, Ռուսաստանի առջև պետք է դրվի զենքի վաճառքի խնդիրը։ Դա  կարևորագույն հարց է և բացարձակապես անընդունելի և անհարիր դաշնակցային հարաբերություններին»,-Ղարաբաղում  ընթացող կլոր-սեղան քննարկման ժամանակ  շեշտեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ խոսելով ԼՂՀ հիմնահարցի և արդի փուլում վտանգների և մարտահրավերների մասին։ Բայց մյուս կողմից էլ Հայկ Մարտիրոսյանը  նկատում է, որ հիմա հակառուսական տրամադրություններ հրահրելը նույնպես չի բխում Հայաստանի շահերից, քանզի այս ամենով հանդերձ, Հայաստանն ու  Ռուսաստանը դաշնակիցներ են։ «Ռուսաստանին, անկեղծ ասած, մեղադրել չի կարելի։ Նրանք վերցնում են այնքան, որքան տալիս ենք մենք, իսկ եթե մենք մեզ  ամբողջությամբ մատուցենք, ապա իրենք էլ ամբողջությամբ դա վերցնելու են։ Ռուսաստանը գերտերություն է և ունի շատ մեծ հավակնություններ, ինչպես և բոլոր գերտերությունները ։ Տվյալ պարագայում Ռուսաստանը ստանում է մեր մեղքով, այսինքն խնդիրը մեր մեջ է և ոչ թե Ռուսաստանի»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը։ Ղարաբաղում հանրաքվե  անցկացնելը քաղաքագետը ամենալավ բանն է համարում, սակայն, միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ «Ամենավտանգավոր սցենարը  Ղարաբաղում, որը տեսականորեն հնարավոր է և որի մասին անընդհատ շշուկներ  ու կասկածներ կան, դա այն է, որ կարող է տեղի ունենա պատերազմ։ Մենք պետք է սրա վրա ֆիքսվենք, որ պատերազմական սցենարի արդյունքում զիջվելիք հողերի համար  պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն հրամանատարները՝ ներքևից մինչև ամենավերև, ովքեր պատասխանատու կլինեն այդ պարտության համար, որովհետև տեսականորեն բացառված չէ, որ դա կարող է  լինել նաև ծրագրավորված պարտություն»,-շեշտեց քաղաքագետը՝ միևնույն ժամանակա հավելելով, որ այսօր հենց դա է ամենամեծ խնդիրը։