Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը ապրում է խորհրդային ռեժիմով. դա արգելակում է զարգացումը» (տեսանյութ)

Տնտեսություն
Ashot-Exiazaryan

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքերով՝ Լարսի ճանապարհը կապող թել է խորհրդային տնտեսական տարածքի իմաստով,  եւ Հայաստանում քիչ բան է փոխվել այս տարիներին: «Հարեւան երկրներում փոխվել է շատ բան: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ տնտեսական տարածքների, եւ Հայաստանը ապրում է ըստ էության խորհրդայի ռեժիմով, դա արգելակում է Հայաստանի զարգացումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետը: Միաժամանակ, ըստ Աշոտ Եղիազարյանի, Հայաստանը մի այնպիսի տնտեսական միության անդամ է, որի  իրավական ռեժիմը, իրավական կարգավորումները տարբերվում են այն կարգավորումներից, որում գտնվում է Վրաստանը: «Հայաստանը չի կարողանում դիվերսիֆիկացնել իր շուկաները, որովհետեւ նույնպես այնպիսի տնտեսական միության կազմում է գտնվում, որը սահմանափակումներ է ստեղծում այդ ճանապարհին: Հայաստանը չունի համապատասխան իրավական բազա  Վրաստանի  եւ առավել եւս Իրանի հետ առեւտրի առումով»: Անդրադառնալով երկաթգծի գոյությանը՝ տնտեսագետը նշեց, որ մեր երկաթգիծը դուրս է բոլոր տեսակի զարգացումներից: Մինչ  տարածաշրջանում բոլոր երկրները զարգացրել են հաղորդակցության ուղիները, մենք մնացել ենք նույնը,  չենք կարողանում ստեղծել նոր երկաթուղի, որը շատ անհրաժեշտ է Իրան եւ Պարսից ծոց դուրս գալու համար: «Ըստ էության,  մենք Ռուսաստանի հետ այլ հաղորդակցության միջոց չունենք, մեր երկաթուղին անմրցունակ է, լաստանավային փոխադրումները նույնպես դառնում են անմրցունակ եւ Հայաստանում թանկ է ստացվում արտադրանքը: Ներդրումների առումով գրավիչ չէ Հայաստանը, ովքե՞ր ներդրումներ կանեն Հայաստանում, երբ հայտնի չէ, թե որտեղ պետք է դա իրացնեն: Հարեւան Վրաստանում այս առումով ավելի գրավիչ միջավայր է»: Տնտեսագետի խոսքերով՝ եթե Հայաստանը Վրաստանի հետ նույն տնտեսական ինտեգրման տարածքում լինի, էական տարբերություն չի լինի.  Հայաստանում կարելի է արտադրել, Վրաստանի միջոցով արտահանել. «Բայց քանի որ իրավական առումով Վրաստանը մեզ համար տարանցիկ երկիր է,  նույնիսկ կարող է առաջանալ պատային փակուղի, որն առաջացնում է ռիսկեր»,- եզրափակեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: