Բացահայտված չարաշահումները չեն ազդի ՀԱԷԿ անվտանգության վրա (տեսանյութ)
Եթե հրաբուխ ժայթքի Արարատ լեռան վրա, անմիջապես կզգա Մեծամորի ատոմակայանը։ Եվրոպական միջուկային անվտանգության կարգավորման խմբի՝ հայկական ատոմակայանում անցկացրած սթրես թեսթավորման եզրակացություններից մեկն է: «Հիմնականում փոշու տեսքով դա կլինի, որը կարող է խոչընդոտել ատոմակայանի նորմալ աշխատանքին: Առանձնապես մեծ վտանգ դա չի ներկայացնում, բայց դա կարող է բերել ատոմակայանի աշխատանքի դադարեցման»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: ԵՄ փորձագետները հայ մասնագետների հետ համատեղ աշխատել են հունիսի 20-24-ը, ներկայացվել է 45 առաջարկ եւ եկել են մեկ հիմնական եզրահանգման՝ ատոմակայանի անվտանգությունը պետք է էլ ավելի բարձրացվի՝ հաշվի առնելով սեյսմիկ վտանգը: Սթրես թեստի արդյունքները կհրապարակվեն օգոստոսին: Հիշեցնենք, մեր մասնագետներն իրենց հերթին ատոմակայանի հարակից տարածքից՝ 30 կմ շառավղով մշտապես վերցնում են հողի, օդի, ջրի փորձանմուշներ. «Մինչեւ այսօր դեռեւս չի եղել որեւէ պարամետրով թույլատրելի նորմերի գերազանցում՝ ոչ հողում, ոչ օդում, ոչ ջրում»: Սեպտեմբերի 20-ից նոյեմբերի 20-ը նախատեսվում է ատոմակայանի պլանային անջատում. «Եթե ատոմակայանը չաշխատեց, ապա պետք է ուրիշ հզորություններ գործարկվեն, նկատի ունեմ, օրինակ, «Հրազդան»-ի ՋԷԿ-ը՝ կոմպենսացնելու ատոմակայանի չաշխատելը»: Ինչ վերաբերում է նոր էներգաբլոկի կառուցմանը, ապա Աշոտ Մարտիրոսյանի գնահատմամբ, մեր երկրի համար այն անհրաժեշտություն է. «Առանց ատոմակայանի ՀՀ էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ՝ անկախությունը, կդրվեն լուրջ հարվածի տակ: Ընդունված էր, որ պետք է կառուցվի ռուսական 1000 ՄԳՎատտ կամ քիչ ավելի միջուկային էներգաբլոկ, սակայն հետագա վերլուծությունը ցույց տվեց, որ ՀՀ համար նման մեծ հզորությունը ցանկալի չէ. դա իրենից լուրջ վտանգ կներկայացնի մեր էներգահամակարգի անվտանգության համար, որովհետեւ նրա անջատումը կբերի լուրջ ցնցումների»: Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանում հայտնաբերված չարաշահումներին եւ ձերբակալություններին, պարոն Մարտիրոսյանը չբացառեց՝ աշխատանքային մթնոլորտի վրա որոշակի ազդեցությունը, բայց վստահեցրեց, որ այն կառույցի անվտանգության վրա ոչ մի կերպ չի ազդել։