Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյանն անուններ չի նշում (տեսանյութ)

Տնտեսություն
Arcvik-Minasyan-nkar

Արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ թվի աճին մոտ աճ. այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Այս եզրակացությանը նա եկել է՝ հաշվի առնելով ներքին մոնիտորինգը. «6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիտորինգի արդյունքները վկայում են այդ մասին: Մասնավորապես՝ արդյունաբերության մասով մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքը կազմելու է 10 տոկոսի կարգի: Հանքարդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ոլորտում մեր մոնիտորինգային ցուցանիշը 20 տոկոսի աճ է ապահովում: Խմիչքների արտադրություն ոլորտում 26 տոկոս աճ  է արձանագրվել, հագուստի ոլորտում՝ 70 տոկոս: Ամենաշատ արտադրանքի աճ արձանագրվել է 6 ամսվա կտրվածքով ադամանդների մշակման ոլորտում՝ 260 տոկոս: Եթե վերածենք դրամական մեծության արտադրության մեծացումը, ապա 13 միլիարդ դրամի մասին է խոսքը»,- նշեց Արծվիկ Մինասյանը: Էկոնոմիկայի նախարարն այսօր անդրադարձավ նաեւ մենաշնորհների դեմ պայքարին: Նա հավաստիացրեց, որ բոլոր ապրանքատեսակների մասով ստեղծում է էլեկտրոնային համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա որեւէ ապրանքի մասով մուտքագրել այդ ապրանքի կոդը կամ անվանումը եւ իր համար պարզել բոլոր ընթացակարգերը. «Այս համակարգի ներդրմամբ շփումը քիչ կլինի, իսկ տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքացիները կլինեն ավելի տեղեկացված»: Անուններ նշել այս ոլորտում Արծվիկ Մինասյանը կրկին հրաժարվեց. «Ոլորտների մասին երբ մենք խոսում ենք, անուններ հրապարակելն անիմաստ է դառնում, որովհետեւ եթե խոսում ենք ոլորտում գերիշխող դիրքի մասին եւ ասում ենք, որ օրենքի համաձայն՝ թեեւ իրենք մենաշնորհ չեն, բայց ընկալվում է այդպես եւ փաստացի իրենք թելադրում են շուկան, ըստ էության, այս ոլորտում գտնվող բոլոր գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները դառնում են տնտեսական տեսակետից մենաշնորհային դիրք ունեցողներ: Այստեղ օրենսդրական վերանայումների խնդիր կա»: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ լրագրողներն ավելի լավ գիտեն այդ անունները, քան ինքը. «Ավելորդ տնտեսական քաղաքականությունը վերածել նեղ, փոքր, խմբային, անձնական մոտեցումների ես պատրաստ չեմ, որովհետեւ իմ գլխավոր խնդիրը որպես էկոնոմիկայի նախարարի համակարգային լուծումներ առաջարկելն է կառավարությանը՝ ոլորտներն ամբողջական ազատականացնելու ուղղությամբ»: