«Հայաստանում գները թելադրում են ռուսական ավիաընկերությունները»
Անցած տարի զբոսաշրջային ոլորտը ՀՀ-ում անկում ունեցավ, թեեւ պաշտոնական տեղեկությունները հակառակն էին պնդում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Արմենիա Թրավել» ընկերության նախագահ, ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի խորհրդի անդամ Մարինա Կպրյանը՝ ավելացնելով, որ այս տարվա համար դեռ վաղ է խոսել աճի կամ անկման մասին: Նա նշեց, որ հիմնականում մտահոգված էին ապրիլյան դեպքերի հետ կապված, որ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքը կդադարի. «Սակայն անսպասելիորեն ոչ մի մերժում չունեցանք դեպի ՀՀ գալու: Պատերազմից անմիջապես երկու-երեք օր անց Անգլիայից խումբ ունեինք դեպի Արցախ: Մենք խմբին հարց տվեցինք՝ արդյոք ուզո՞ւմ ենք փոխարինել այլ վայր այցով, ուրիշ երթուղի, սակայն խմբի ղեկավարը չհամաձայնեց»: Նրա խոսքերով՝ ամեն ինչ անում են՝ գտնելու զբոսաշրջային նոր շուկաներ. «Հիմա ասում են՝ դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքը նվազել է ու հետեւաբար օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը կարող է գրավել ՀՀ-ն: Դա իրականությունից շատ հեռու է: Մենք ուղղակի մեր զբոսաշրջային միջավայրերը ճիշտ ներկայացնենք դրսի շուկայում: Մենք նաեւ մեր ուշադրությունը պետք է սեւեռենք ասիական երկրների վրա, որոնք մեր մասին քիչ տեղեկություններ ունեն: Օրինակ ՌԴ-ից աճ կա դեպի մեզ մոտ, սակայն դա բավարար չէ: Մեզ ուզում են գալ, քանի որ մեզ մոտ չկա վիզա, կա բարենպաստ պայմաններ, հյուրընկալ ենք»: Ինչ վերաբերում է մեր երկրում գործող գնային քաղաքականությանը, ապա տիկին Կպրյանի խոսքերով՝ դա պայմանավորված է ռուսական ավիաընկերություններով, որոնք են հենց թելադրում գները. «Այժմ հայկական շուկա մտած «Արմենիա» վրացական կապիտալով նոր ընկերությունը դեռ լիարժեքորեն չի հաստատվել: Իսկ Լարսի փակումն իր հերթին բարձրացրեց տոմսերի գները»: Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին ավելացրեց՝ տուրիստական սեզոնի ամենասկզբում տեղի ունեցած ապրիլյան դեպքերն իրենց ազդեցությունը թողեցին արդեն երկրորդ եռամսյակի վերջում. «Կա մի ֆոնոմեն եւս. անցած տարի՝ Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված ապրիլ ամիսը գերազանցեց բոլոր մյուս ամիսներին: Ինչ վերաբերում է դեպի Թուրքիա թռիչքներին, ապա տեղյակ ենք, որ ՌԴ-ից Անթալիա թռչող ինքնաթիռներում տեղ չկա»: Պարոն Հակոբյանը չի կիսում այն տեսակետը, որ գները մեզ մոտ բարձր են. «Մեզ մոտ շատ ցածր են գները, քանի որ մենաշնորհ չկա: Կարող եք գնալ Դիլիջան ու մեկ անձի համար կարող եք գտնել հինգ հազար դրամով տարբերակ: Մեզ մոտ առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը, դրա համար չեն կարող գները բարձր լինել: Միգուցե մյուս երկրների հետ համեմատ երեւի բարձր է, քանի որ ինչպես մեզ մոտ, իրենց մոտ էլեկտրաէներգիան, գազը բարձր չեն»: Ինչ վերաբերում է սոցփաթեթներին, որոնցից հանվելու է հանգստի բաղադրիչը, Հակոբ Հակոբյանը նշեց, որ իրենց կարծիքը հայտնել են սոցփաթեթների մասին. «Մենք դեռ այն ժամանակ ասել ենք, որ չարաշահումներից խուսափելու համար քաղաքացին պետք է ոչ թե դիմեր տուրիստական ընկերություններին, այլ ուղիղ դիմեր հյուրանոց ու միջոցները ուղիղ ծախսեր: Իսկ եղած մեխանիզմը շահույթ հետապնդելու տեսանկյունից մի քիչ անհասկանալի էր»: Իսկ Մարինա Կպրյանը նշեց, որ իրենց ընկերությունն ի սկզբանե հրաժարվել է սոցփաթեթներից. «Շատ չնչին կոպեկների մասին է խոսքը՝ չկար շահույթ, դրա համար չենք զբաղվել: Ես ուղղակի կարծում եմ, որ չպետք էր մի քանիսի պատճառով բնակչությունը տուժեր, պետք է ուղղակի թերությունները վերացնել»: