Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրամահավաք՝ հանուն Արցախում առողջ սրտերի (տեսանյութ)

Հասարակություն
ayo

Հանուն Արցախում առողջ սրտերի՝ այսօր Երեւանի Հյուսիսային պողոտայում «Այո» բարեգործական հարթակի եւ «Սթրիթ Վորքաութ Հայաստանի» համատեղ ջանքերով իրականացավ  «Առողջ սրտեր՝ Արցախում» բարեգործական միջոցառում-դրամահավաքը, որն ուղղված է լինելու Ստեփանակերտում անվճար մարզահրապարակի կառուցմանը: «Ա1+»-ի հետ զրույցում  «Այո» բարեգործական հարթակի  ծրագրերի ղեկավար Ջեմմա Սաֆարյանը նշեց, որ ծրագրի համար անհրաժեշտ է 8500 դոլարին համարժեք դրամ, սակայն մինչ այս պահը հավաքվել է ընդամենը 85 դոլար. «Փորձում ենք խթանել առողջ ապրելակերպը Արցախում, որպեսզի երիտասարդները անվճար մարզվելով՝ չտրվեն ծխախոտին եւ թմրանյութերին»,-ասաց նա՝ հավելելով, որ ծրագրի վերջնաժամկետը նախատեսված է սեպտեմբեր ամսին, սակայն եթե մինչ այդ չհավաքեն անհրաժեշտ գումարը, ապա գուցե մարզահրապարակի կառուցումը փոքր-ինչ հետաձգվի: «Սթրիթ Վորքաութի» հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում հավելելց, որ մասսայական սպորտը զարգացնելու ավելի լավ պայման, քան անվճար մարզահրապարակն է, դժվար է գտնել. «Եթե Ստեփանակերտում լինի մարզահրապարակ, մեծ թափ կհաղորդվի առողջ ապրելակերպին, մասսայական սպորտի զարգացմանը»,-ասաց երիտասարդը՝ նշելով, որ Երեւանում այդ փորձն արդեն ունեն: Ի դեպ, «Այո» բարեգործական հարթակի ջանքերով իրականացվել է նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ՝ Այգեպար գյուղի դեպի դպրոց եւ աղբյուր տանող ճանապարհին քարե պատերի կառուցումը, որի արդյունքում երեխաներն այսօր չեն վախենում դպրոց գնալ: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան հանգանակություն կատարել ծրագրի համար, կարող են անցնել այս հղումով՝ https://weareayo.org/: Մանրամասները՝ տեսանյութով: