Երեկվա կարկուտի հետեւանքները (տեսանյութ)
Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի բնակիչները մեկ շաբաթվա ընթացքում պետք է հավաքեին ցորենի ողջ բերքը, սակայն երեկ տեղացած առատ կարկուտը ոչնչացրել է այն: Գյուղացու հաշվարկները ամբողջովին փոխվել են։ Եթե մինչեւ երեկ հաշվարկում էին բերքից օգուտը, այսօր արդեն վնասը։ Արտում միայն ցորենի ցողուններն են մնացել «Հիմա սպասում ենք արեւը տա, չորանա, լուցկին գցենք, վառվի գնա, ոչ մի բան չի մնացել»,- ասում է գյուղի բնակիչ Ղարիբ Շեկիկյանը: Գյուղում գործող հակակարտկային կայանն աշխատել է, թե՝ ոչ գյուղացիները չեն լսել, կարկուտի եւ քամու ձայնն ավելի ուժգին է եղել: Վնասվել են նաեւ սոխի ցանքատարածությունները: 4 ամիս շարունակ մշակված սոխն այլեւս պիտանի չէ «Մինչեւ օգոստոսի վերջ բերքահավաքը պիտի սկսեի, սա էլ սոխիս վիճակը, պիտի չորանա, վարեմ, թափեմ: Նեխում է, որ տակինը կա, ցողունը չի աշխատում, ավտոմատ կերպով ինքը նեխում է»,- ավելացնում է Ղարիբ Շեկիկյանը: Կարկուտի պահին Մարտուն Երվանդյանը դաշտում է եղել. «Գլուխս բռնել էի, նստել ծառի քոքին, որ բան չլինի»: Այդպիսի ավերիչ կարկուտ գյուղացիները վաղուց չէին հիշում։ «Փոշին, ոնց որ խփեր, դաղեր, ու մութ, շատ մութ էր»,- ասում է Մարտուն Երվանդյանը: Ուժեղ քամուց եւ կարկուտից չի փրկվել նաեւ պոլիէթիլենային ծածկով ջերմոցների բերքը Բերքի 70 տոկոսը վնասվել է: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցել է Արմավիրի մարզ։ Նա նշել է, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո հարցը կներկայացվի կառավարության կքննարկմանը: Մինչդեռ գյուղացիները հույսեր չունեն, որ համարժեք փոխհատուցում կտրվի: Մանրամասները՝ տեսանյութում: