Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 244 դեպք է գրանցվել
2016 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 373 դեպք: Այս թիվը նախորդ տարի եղել է 342: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ կենակցի կողմից արձանագրվել է բռնության 3 դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 7 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 32 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 45 դեպք»: Դեպքերի թվի ավելացումը, սակայն, ոստիկանության պաշտոնյան ավելի շատ կապում է նրա հետ, որ մարդիկ սկսել են ավելի շատ բարձրաձայնել ու վստահել ոստիկանությանը. «Բարձրացել է ազգաբնակչության իրավագիտակցությունը, ակտիվ աշխատանք են իրականացնում հասարակական կազմակերպությունները»: Ի դեպ, այսօր Հայաստանի ոստիկանությունում, ընտանեկան, կենցաղային ոլորտի իրավախախտումներ թույլ տրված և հաշվառված 544 ընտանիք կա, նախորդ տարի նրանց թիվը 402 էր: Ամենաշատ 219-ը ընտանիք հաշվառված է Երևանում, 99-ը՝ Կոտայքում, 67-ը Շիրակում, 66-ը՝ Լոռիում: