Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրան»-ին 300 կամավորից ընտրվել է 80-ը

Կարևոր լուրեր Հասարակություն
ciran

«Ոսկե ծիրան» փառատոնին այս տարի էլ մեծ է կամավորների մասնակցությունը։ Ներկայացված  երեք հարյուր հայտերից ընտրվել է 80 կամավոր։ Կամավորների մեծ մասը 16-23 տարեկան երիտասարդներ են։ «Ոսկե ծիրան»-ի կամավորների կոորդինատոր Լաուրա Սահակյանը նախորդ տարի կամավորների շարքում էր, այս տարի արդեն զբաղվում է նրանց համակարգմամբ.  «Բավականին դժվար աշխատանք է, քանի որ գործ ես ունենում  տարբեր երիտասարդների հետ, որոնց պետք է մեկ թիմ դարձնես»։ IMG_20160709_143338 Կամավորների ընտրության ժամանակ առավելությունը տրվել է  հիմնականում լեզուների իմացությանը, տարբեր  հմտություններին, ինչպես նաև նախկինում կամավորական փորձին, հատկապես՝ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում։ Կամավորները հնարավորություն են ունենում փառատոնի ժամանակ մասնակցել կոնֆերանսների կազմակերպման աշխատանքներին,  ձեռք բերել նոր կապեր՝ հետագա համագործակցությունների համար, ինչպես նաև հմտանալ թիմային աշխատանքի մեջ։ Լիլիթ Բադեյանն ապագա ռեժիսոր է: Նա առաջին տարին է, որ կամավոր է «Ոսկե ծիրան»-ում, բայց ունի կամավորության մեծ փորձ: Այստեղ նա զբաղվում է օրաթերթերի բաժանմամբ, պոստերների պատրաստմամբ և այլ աշխատանքներով: Լիլիթը պատրաստ է հաջորդ տարի նույնպես մասնակցել, քանի որ շատ է հետաքրքրված ֆիլմերով և նրան դուր է գալիս լինել այս միջավայրում, ծանոթանալ աշխատանքների ներքին խոհանոցին: IMG_20160709_143653 Կամավորներից Վալեր Բալասանյանին նույնպես կինոյի հանդեպ մեծ սերը բերեց  «Ոսկե ծիրան»: Նա ևս  առաջին անգամ է որպես կամավոր մասնակցում փառատոնին: Վալերն այժմ մասնագիտանում է ռեժիսուրայի գծով և սա լավ հնարավություն է՝ ծանոթանալու ոլորտի շատ դեմքերի հետ և անհամբերությամբ է սպասում բոլոր հյուրերին: IMG_20160709_143856 Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթին և  կցուցադրվի նրա դերակատարմամբ երեք կինոնկար: