Վերաքննիչ դատարանն առանց Ժ. Սեֆիլյանի եւ պաշտպանի նիստ է արել
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ առանց Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա պաշտպանի նիստ է անցկացրել եւ որոշել է մերժել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու բողոքը: «Ուրիշ որոշում ընդունակ չէին կայացնելու»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց պաշտպան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ երեկ Արա Զաքարյանը դատարանի դիմաց մեկ ժամ սպասելուց հետո որոշեց հեռանալ՝ նպատակահարմար չգտնելով այլեւս սպասել: Դատավորն այլ նիստեր էր վարում: Նիստերն ավարտելուց հետո դատարանը քննել է բողոքը։ Հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: