Վերաքննիչը մերժեց հաշմանդամություն ունեցող կալանավորին (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց հաշմանդամություն ունեցող Հրաչյա Գեւորգյանի բողոքը: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 8 տարվա ազատազրկման փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող կնոջը՝ Նաիրա Հարությունյանին առեւանգելու, պատանդ պահելու եւ նրա հորից 600 հազար դրամ պահանջելու համար: Սայլակով եւ ուղեկցողների օգնությամբ դատարան եկած Հրաչյա Գեւորգյանը հազիվ լսելի ձայնով ասաց, որ ինքը անմեղ է եւ հանցանք չի գործել, իրեն պարզապես ցանկացել են տեսնել ճաղերից այն կողմ: Ըստ հաշմանդամություն ունեցող կալանավորի՝ ինքը հորդորել է Նաիրա Հարությունյանին հորից գումար չուզել՝ նշելով, որ իրեն կբռնեն, կդատեն, սակայն նա չի լսել: Սակայն նրա խոսքերը դատավորների վրա ազդեցություն չունեցան: Հրաչյա Գեւորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, ողջ դատական նիստի ընթացքում ցանկանում էր դատարանին տեղեկացնել, որ այդ կինը իրենց հետ է ապրել եւ մոլորության մեջ գցել որդուն: Ծեր կնոջ ինքնազգացողությունը դատարանում վատացավ: Նրա համար նույնիսկ «Շտապ օգնություն» էին հրավիրել: Նախշուն Ենգիբարյանի խոսքերով՝ սա սարքված գործ է եւ իր տղային դիտմամբ հաշմանդամ են դարձրել: Հելսինկյան ասոցիացիան արդեն 4,5տարի է հետեւում է այս գործին: Իրավապաշտպան Արման Վեզիրյանի խոսքերով՝ գործում հետաքրքիր ցուցմունք կա, որը տվել է Նաիրա Հարությունյանի ընկերուհին: «Մերի, ազգանունը չեմ հիշում: Նաիրան Մերիին ասել էր գնա տուն, մեկ ժամ հետո զանգի հորս, ասա, որ Հրաչյան ինձ պատանդ է վերցրել: Այդպես պայմանավորվում են, ու պատա՞նդ է վերցնում»,- ասում է իրավապաշտպանը: Չանդրադառնալով գործի բացթողումներին՝ այսօր Արման Վեզիրյանը ավելի շատ ցանկանում է ուշադրություն հրավիրել Հրաչյա Գեւորգյանի առողջության խնդրին. «Նա ունի բազմաթիվ հիվանդություններ, որի մեջ մտնում է Պարկինսոնի համախտանիշը: Կառավարության որոշմամբ մտնում է այն ցանկի մեջ, որը ազատում է տվյալ կալանավորին պատժից: Ոչ մի քայլ չի ձեռնարկվում, այսօր տեսանք մի անօրինական որոշում եւ համոզվեցինք, որ մեր դատարաններն անկախ չեն եւ կատարում են պատվեր»: Գործը ամենայն հավանականությամբ կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Ի դեպ, այսօրվա դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Սերգեյ Չիչոյանը լրագրողներին թույլ չտվեց նկարահանել իրեն եւ դատախազին՝առաջարկելով նկարահանել միայն ամբաստանյալին եւ նրա պաշտպանին: