Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարեցտարի օպերայի հանդիսատեսը պակասում է» (տեսանյութ)

Հասարակություն
opera

Ա. Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփում է  82-րդ թատերաշրջանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշեց, որ այն, ինչ ծրագրել էին իրականացնել 2015-2016 թվականների համար, իրականացրել են գրեթե 80-90 տոկոսով. «Առաջինն, իհարկե, «Կարմեն» օպերայի պրեմիերան էր, որը տեղի ունեցավ նախորդ տարվա աշնանը, նաեւ գեղարվեստական ղեկավարի նշանակումը: Շատ մեծ  ծրագրեր ունեինք Գեղամ Գրիգորյանի հետ, բայց, ցավոք, չհասցրեցինք իրականացնել, բայց թատրոնն իր պարտքն է համարում անպայման շարունակել դրանք»,-ասաց նա՝ հավելելով, որ նախորդ տարվա նորարարություններից է Կոնսերվատորիայի ուսանողների հետ համագործակցությունը երիտասարդական ծրագրերի միջոցով: Ինչ վերաբերում է նոր թատերաշրջանին, ապա Անդրանիկ Արզումանյանի խոսքով, այն կմեկնարկի պրեմիերայով. «Սեպտեմբերի 1-ին արդեն ավանդաբար Շուշիում տեղի կունենա «Սասունցի Դավիթ»  օպերայի պրեմիերան: Չեմ կարող ասել այս տարի, թե 2017 թվականին, բայց նախատեսում ենք նաեւ «Եվգենի Օնեգին» օպերայի պրեմիերան»: Օպերային թատրոնի տնօրենը նշեց, որ չնայած հագեցած խաղացանկին, հանդիսատեսի պակաս է նկատում. «Ոչ միայն մեր թատրոնում, այլեւ Հայաստանի բոլոր թատրոնների վիճակն է այդպիսին:  Տարին տարվա վրա մեզ մոտ պակասում է հանդիսատեսը: Հասկանալի է, երկրի սոցիալական վիճակից ելնելով՝ մարդիկ ուղղակի հնարավորություն չունեն, բայց ձեռքներս վայր չենք դնում»: Արզումանյանը լավատեսորեն է տրամադրված, քանի որ երիտասարդության մոտ ավելի շատ է հետաքրքրություն տեսնում դեպի օպերային արվեստը. «Այս մեկ տարվա ընթացքում սկսել ենք ավելի շատ աշխատել երիտասարդական կազմակերպությունների, համալսարանների հետ: Անպայման չի, որ տոմս գնելով ներկայանան, հրավիրում ենք իրենց ուսանողական տոմսերով, որ նոր սերնդի մոտ սերը դեպի օպերային թատրոնը անպայման վերականգնենք: Այսօր էլ նախարարությունում քննարկում եղավ, եւ բոլորս այն կարծիքին էինք, որ սովետական ժամանակի աբոնեմենտական համակարգը պետք է վերականգնել»: