Ամուլսարի հանքն ու Ջերմուկի մշուշոտ ապագան ըստ Լիդիանի․ ՀԲՃ
Ամուլսարի ոսկու հանքը շահագործել նախատեսող «Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited) բրիտանական օֆշորային ընկերությունը, որը գրանցված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, տարիներ շարունակ չէր ընդգրկում Ջերմուկ քաղաքը՝ որպես ծրագրի ազդեցությունը կրող համայնք: 2016թ.-ի մայիսին ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրեց իր արդեն չորրորդ փաստաթուղթը՝ շրջակա միջավայրի և համայնքների վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ, որում վերջապես Ջերմուկ քաղաքը ներառված է որպես ազդակիր համայնք: Կարդալով այս տարբերակը պարզ դարձավ, որ կազմակերպությունը նախատեսել է Ջերմուկ քաղաքը առողջարանից վերածել հանքի աշխատողների ժամանակավոր կացարանի: Ըստ ընկերության կարճաժամկետ հաշվարկների՝ առողջարանի կարգավիճակի ժամանակավոր փոխարինումը որպես հանքի աշխատողների բնակատեղի ամբողջովին կփոխհատուցի այն կորուստները, որոնք առողջարանը կկրի հանքի գործունեության ընթացքում: Ավելին, ըստ ընկերության, մինչ առողջարանը առավել ակտիվ գործում է տարվա միայն մի քանի ամիսներին, հանքի աշխատողների մշտական ներկայությունը հանքի ծրագրի իրագործման փուլում առավել եկամտաբեր կլինի քաղաքի համար: Կազմակերպությունը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների ժամանակ 370 աշխատակից կբնակվի Ջերմուկի հյուրանոցներում, իսկ հանքի շահագործման ընթացքում Ջերմուկի հյուրանոցներում և տներում կբնակվեն մոտ 250 աշխատակիցներ: Ըստ ընկերության՝ սա ուղղակիորեն եկամտաբեր կլինի հյուրանոցների և մասնավոր տանտերերի համար, իսկ տեղական ծառայությունների և բարիքների հանդեպ հանքի աշխատողների կարիքներն անուղղակի եկամուտ կստեղծեն քաղաքի մյուս բնակիչների համար, ինչն էլ կարող է ստեղծել և զարգանցել նոր բիզնեսներ: Ինչ վերաբերում է Ջերմուկի տնտեսական զարգացման երկարաժամկետ հաշվարկներին, ապա առողջարանի կողքին գործող լեռնահանքային արդյունաբերությունը կասկած չի թողնում առողջարանի տխուր հեռանկարի վերաբերյալ: 10-11 տարի անց, երբ Ամուլսարի ծրագիրն ավարտվի, հանքի աշխատողները լքելու են նաև Ջերմուկը՝ տեղացիներին թողնելով աղտոտված բնական միջավայր և երբեմնի առողջարանի խարխլված համբավ: Միջավայրի վրա հանքի թողած բացասական ազդեցությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Սակայն սա ռիսկերի մի մասն է միայն: Ինչպես ընկերությունն է հաշվարկել ռիսկերը, Ջերմուկի համար այլ խնդիրներ ևս կարող են ծագել՝ այդ թվում մարմնավաճառություն, թմրամոլություն, սեռավարակների տարածում և այլն, որոնք մանրամասն ներկայացված են «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից 2016 թվականի մայիսին հրապարակված «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթում (ESIA-Environmental and Social Impact Assessment, chapter 6.12, chapter 6.18): Անգլերենից թարգմանաբար ձեզ ենք ներկայացնում հատվածներ վերոնշյալ ռիսկերի նկարագրից` «Ամուլսարի ծրագիրը տեղի բնակչության դեմոգրաֆիական պատկերի վրա որոշակի ազդեցություն կթողնի: Հիմնական ազդեցությունը բնակչության թվաքանակի աճն է, քանի որ նոր աշխատուժ կժամանի այս շրջան և կխթանի կամայական ներգաղթողների ներհոսք, ինչն էլ փոփոխության կենթարկի տեղի առկա սոցիալական կառուցվածքը: […] Շինարարության ընթացքում առավել շատ աշխատուժի՝ մոտ 1300 աշխատողի կարիք կլինի: Շինարարության ժամանակ անհրաժեշտ հմտություններով աշխատակիցներ ներգրավելու համար նախատեսվում է աշխատողների մոտ 70 տոկոսը ներգրավել այլ մարզերից և այլ երկրներից: Մոտ 500-920 ոչ տեղացի աշխատակիցների համար կկառուցվի բնակելի կացարան, ինչպես նաև կօգտագործվի Ջերմուկի հյուրանոցային և բնակարանային կարողությունները: […] Իսկ հանքի գործունեության ընթացքում կաշխատի մոտ 657 մարդ, որոնցից մոտ 250-ը կբնակվեն Ջերմուկի հյուրանոցներում: Այս աշխատակիցները տեղացիներ չեն լինի և պարբերաբար կայցելեն հանքի աշխատանքներին: Լիդիանը նախատեսում է, որ տեղացի աշխատակիցների թիվը հանքի գործունեության ընթացքում կկազմի մոտ 30 տոկոս: […] Տնտեսական հնարավորությունները կառաջացնեն աշխատուժի ներհոսք, որի պոտենցիալը գնահատվում է մոտ 1000 մարդ, մեծ մասը ամուրի տղամարդ: Ջերմուկում հատկապես զգալի կլինի ներհոսքի ազդեցությունը՝ ելնելով ծրագրի տեղակայումից և քաղաքի հնարավորություններից: […] Աշխատուժի ներհոսքը կարող է բացասաբար ազդել կյանքի որակի վրա՝ քաղաքի ենթակառուցվածքների՝ դպրոցների, առողջապահական հաստատությունների, կոյուղիների, աղբավայրերի, ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության արդյունքում: […] Նման ծրագրեր իրականցնելիս Հայաստանի և աշխարհի այլ վայրերի օրինակը որոշակի ընդհանրություններ է առաջ քաշում, երբ մի վայրում մեծ քանակով աշխատողներ են բնակվում, հիմնականում արական սեռի, ամուրի, մի համայնքում տեղակայված, համայնքի հետ անծանոթ: […] Նման իրավիճակները առաջ են բերում ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց՝ վերջինս էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ, ինչպես նաև նկատվում է հանցագործությունների աճ: Նմանատիպ ազդեցությունները հատկապես անհավասարաչափ ուղղակի կամ անուղղակիորեն ազդում են տեղի համայնքների կանանց և աղջիկների վրա: […] Ծրագրի հետևանքով սեռավարակների թվի աճի ռիսկը մեծանում է, քանի որ առկա է 4m հասկացության տարածումը, այն է «men, money, mobility and mixing» (տղամարդիկ, փող, շարժականություն և միախառնում): Սա աքրոնիմ է, որը հաճախ օգտագործվում է նկարագրելու արդյունահանող ոլորտի զարգացման ազդեցությունը և այն գործոնները, որոնք կարող են նպաստել սեռավարակների տարածման ռիսկի աճին: […] Հիմնականում տղամարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով եկամուտներ ունեն ծրագրից, ունենում են ֆինանսական միջոցներ սեռական ծառայություններից օգտվելու համար: Հատկապես համայնքի աղքատ կամ խոցելի խմբերը կարող են ենթակա լինել նման իրավիճակի ռիսկերին: Սրան զուգահեռ կարող է նաև զարգանալ «sugar daddy» (հարուստ հովանավոր) երևույթը, երբ լրացուցիչ եկամուտով տղամարդիկ խոցելի տնտեսական կարգավիճակ ունեցող երիտասարդ աղջիկներին դրդում են գործարքային սեռական հարաբերությունների: […] Հատկապես ռիսկային վարքագիծ կարող է դրսևորել շինարարական աշխատանքներին մասնակցող աշխատուժը, ով կունենա եկամուտ, սակայն ժամանցի շատ քիչ հնարավորություններ: Թեև ժամանակավոր կացարանում բնակվող աշխատակիցները (500-920 հոգի) քիչ կառնչվեն համայնքների հետ, սակայն Ջերմուկի հյուրանոցներում մնացող 370 աշխատակիցները կնպաստեն վերոնշյալ սեռական վարքագծի դրսևորման տարածմանը: Ուստի Գնդեվազը և Ջերմուկը հատկապես ռիսկային գոտում են: […]Բոլոր համայնքները կարող են սոցիալական խնդիրների առաջ կանգնել, բայց հատկապես Ջերմուկն է, որ փոփոխություններ կզգա, քանի որ այնտեղ կտեղակայվեն մոտ 370 աշխատակիցներ կառուցման և մոտ 250 աշխատակիցներ հանքի գործունեության ընթացքում: Գնդեվազը ևս ազդեցություն կկրի, քանի որ մոտ է գտնվում աշխատողների ժամանակավոր կացարանին: […]Այսպիսով, Ջերմուկի բնութագիրը ընտանեկան զբոսաշրջության կենտրոնից կվերածվի հանքի աշխատակիցների բնակատեղիի: Այս աշխատակիցները կբնակվեն Ջերմուկում մի քանի տարի ուստի այս կերպ կբալանսավորեն տուրիզմից ստացվող եկամուտները հանքի շահագործման ընթացքում»: Մարմնավաճառության, սեռավարակների տարածման և այս տիպի խնդիրները մեղմացնելուն ուղղված գործողությունների շարքում ընկերությունը նախատեսում է ինչպես կանանց աջակցման ու կրթման ծրագրեր իրականացնել, ինչը, ըստ ընկերության գնահատակնների, հետ կպահի կանանց մարմնավաճառությունից, այնպես էլ պահպանակների լայն հասանելիության ապահովումը հանքի աշխատավայրում և հյուրանոցներում, որպես սեռավարակների կանխարգելման միջոց: Ամուլսարի ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի» ողջ ծավալին կարելի է ծանոթանալ անգլերենով այստեղ, իսկ հայերեն ամփոփ նկարագրին՝ այստեղ։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն