«ՀՀԿ-ն իշխանությունը պահելու համար պատրաստ է վճարել անգամ Ղարաբաղով» (տեսանյութ)
Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա. համոզված է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը. «Անցյալ դարի 15-20-ական թվականներին էլ նրանք ընդհանուր շահեր գտան, նույնը տեղի է ունենում այսօր: ՌԴ-ի քաղաքականությունը գիտենք՝ սիրաշահելու քաղաքականություն է, իսկ դրա համար պետք է ինչ-որ բան զիջել»,- նշում է փորձագետը ու հավելում՝ պատահական չէր, որ Ռուսաստանը էրդողանի նամակը ներկայացրեց՝ որպես ներողություն խնդրելու նամակ. «Էրդողանի նամակում ներողություն բառ անգամ չկար, կար ափսոսանք, կամ էլ, ինչպես թուրքագետներն են բացատրում, գրված էր՝ անցած լինի: Դա ներողություն չէ, պարզապես Ռուսաստանն է այդպես ուզում ընկալել»: Արա Պապյանը հիշեցնում է, որ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը Հայաստանի քաղաքականության մեջ միշտ էլ եղել է, բայց նաեւ հավելում, որ այսօր ծանոթանալով Կազանյան փաստաթղթին, հասկանալի է դառնում, որ դա էլ է փոխվել ու դարձել անհասկանալի. «Տալու ենք խիստ կարևոր տարածքներ, էլ չեմ ասում, որ դրանք ԼՂՀ -ի տարածքներն են, մեր հայրենիքի մի մասը, բայց ցավոք, բազմաթիվ նշաններ կան, որ իշխանություններն ուզում են գնալ այդ տարբերակին»: Պարոն Պապյանը հիշեցրեց նաեւ, որ առաջին նախագահը՝ Լեւոն Տեր Պետրոսյանը տապալվեց, հենց նույն ծրագրի համար. «Մենք պետք է սկզբունքորեն դեմ լինենք որևէ տարածքի զիջման, հատկապես, որ դեռ Ադրբեջանը պետք է 12 000 քմ զիջի մեզ, չհաշված Նախիջևանը: Եթե զիջում պետք է լինի, ապա պետք է այդպես լինի, եթե ոչ ուրեմն մեր զիջումները կլինեն միակողմանի եւ ավելի կմոտեցնեն պատերազմին»: Խոսելով ՀՕՊ պայմանագրի մասին՝ Արա Պապյանը համոզմունք հայտնեց, որ հայկական օդուժն այլեւս անկառավարելի է դարձել մեզ համար. «Տավուշի մարզի կողմից Ադրբեջանը միշտ էլ գնդակոծել է: Ռուսաստանը ունի պարտավորություն՝ պաշտպանել մեզ, պաշտպանո՞ւմ է՝ ոչ: Հիմա Ղարաբաղի մասով ինքը ոչ մի պարտավորություն չունի, ինչի՞ եք ենթադրում, որ կանի, ինչ է թե մեր ԱԺ-ում են ասել, իրենք գիտե՞ն ինչ է հակաօդային սիստեմը, դա հանգիստ մի բանալիով, մի գաղտնաբառով կարան փակեն ռուսները, ու մենք ոչ մի բան չենք կարող անել: Մենք ոչինչ չենք կարող անել, եթե ռուսները չուզեն»: Իսկ մեր իշխանությունը վավերացրեց այդ պայմանագիրը, քանի որ, ըստ Արա Պապյանի, խնդիր ուներ պաշտպանել իր աթոռը. «Այսօր ՀՀԿ-ն լուծում է մի խնդիր, դա սեփական իշխանությունը պահելն է, եւ դրա համար նա պատրաստ է վճարել ամեն ինչով՝ այդ թվում՝ Ղարաբաղով»: