«Մեր քաղաքական ասպարեզում խառնաշփոթ է». ԵԵՊ ֆորումի մասնակից (տեսանյութ)
18-ամյա Տաթևիկ Ղումաշյանը մեկ տարի է՝ Նիդերլանդներում է սովորում։ Այժմ արձակուրդային շրջանում է։ Այսօր նա մասնակցում էր Երևանում անցկացվող Հայաստանում եվրոպական երիտասարդական ֆորումին։ Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի երիտասարդը նմանատիպ նախաձեռնությունների մասնակից դառնա, «Ա1+»-ի հետ զրույցում Տաթևիկ Ղումաշյանը նշեց. «Կարծում եմ՝ ամենակարևորը հետաքրքրասիրությունն է։ Պետք է ներգրավված լինես, սիրես այն ամենը, ինչ անում ես և փորձես քո հասարակության մեջ որևէ փոփոխություն անել»։ Տաթևիկը քաղաքագիտություն է ուսումնասիրում. «Չգիտեմ՝ քաղաքագետ կդառնամ, թե ոչ, բայց ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի ապագան լուսավոր լինի»։ Հարցին՝ Հայաստանում քաղաքականության մեջ ի՞նչը կփոխեր, նշեց. «Մեր քաղաքական ասպարեզում խառնաշփոթ է տիրում։ Կարծում եմ՝ փոփոխությունների կարիք կա։ Երիտասարդներին պետք է թողնել, որպեսզի նրանք կարողանան փորձ ձեռք բերել, իրենց դրսևորել այս ասպարեզում։ Այսօր մենք կադրերի փոփոխման կարիք ունենք»։ Այսինքն, խորհրդարանում այն պատգամավորները, որ կան, այնքա՞ն էլ արդյունավետ չեն աշխատում. «Երիտասարդությունը, միանշանակ, շատ բան կփոխի, քանի որ մենք ունենք դեռ Սովետական Հայաստանից այդ սովետական, ավանդական մտածողությունն ունեցող մարդիկ։ Մեզ տվյալ պահին թարմություն է հարկավոր. նոր գիտելիքներ, նոր փորձ, նոր ներուժ»,-ասաց Տաթևիկ Ղումաշյանը։