Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքվել են երիտասարդներ, որոնց վրա հույս են դնում (տեսանյութ)

Քաղաքականություն
forum-nkar

150 պատվիրակներ՝ մոտ 30 եվրոպական երկրից. Երևանում մեկնարկել է Հայաստանի եվրոպական երիտասարդական ֆորումը։ «Երեկ տեղի ունեցավ թիմերի կառուցումը։  Յուրաքանչյուր հանձնաժողով՝ իր թեմայի շրջանակում բանաձև է մշակելու։ Վերջում պարզ քվեարկության արդյունքում որոշվելու է՝ ընդունվել է այն, թե ոչ։ Ընդունվելու դեպքում ուղարկվելու է մեր գլխավոր  գրասենյակ՝ Բեռլին, կամ Հայաստանում և այլ երկրներում գտնվող գրասենյակներ. նայած, թե խնդիրն ում է վերաբերում»,-«Ա1+»-ին ասաց Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի և միջազգային ֆորումի գլխավոր կազմակերպիչ Արման Գասպարյանը։ Arman Gasparyan Հուլիսի 5-ին ֆորումի չորրորդ փուլն է լինելու՝ կապված է Սահմանադրության օրվա հետ։ «Հայաստանի մշակույթի օր է հայտարարվել, որի ժամանակ փորձելու ենք բոլորին ծանոթացնել Հայաստանի մշակույթին, ճարտարապետությանը, ներկայացնել տեսարժան վայրերը»,-շեշտեց Արման Գասպարյանը։ Թեմաները բազմազան են. քաղաքականից մինչև բնապահպանական։ Ռոդրիգո Վաշը Պորտուգալիայից ԵԵՊ ղեկավարն է։ Առաջին անգամ է Հայաստանում։ «Մերսի շատ, Մխիթարյան». այս բառերն է հասցրել սովորել։ Գիտի, որ Հենրիխ Մխիթարյանը հայտնի հայ ֆուտբոլիստ է։ Մեզ հետ զրույցում ասաց. «Ես վեց տարի է՝ Եվրոպական պառլամենտի աշխատանքներին եմ մասնակցում։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ սոցիալական ակտիվության առումով. կարևոր թեմաներ ենք քննարկելու»։ Rodrigo Ֆորումին ներկա ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց. «Բոլոր եվրոպական երկրներից հավաքված են այն երիտասարդները, որոնց վրա են հասարակությունները դրել իրենց հույսը՝ իրենց երկրներում ինչ-որ բան փոխելու»։ Դիտարկմանը, թե մեր պատգամավորների և նախարարների մեծ մասը բարձր տարիքի են, նա նշեց. «Հայաստանում սերնդափոխությունն անընդհատ հետաձգվել է, և ժամանակն է, որ դա տեղի ունենա։ Բայց կարևոր է, որ դա լինի ոչ թե կենսաբանական, այլ արժեքային։ Էլի կարող են երիտասարդներ գալ, որոնք չտարբերվեն իրենց ավագներից, բայց այստեղ հավաքված երիտասարդները, միանշանակ, տարբերվում են»։  Պատգամավորը շեշտեց՝ ընտրությունների միջոցով պետք է ձևավորել այն խորհրդարանը, որը ցանկանում է տեսնել մեր հասարակությունը։ «Եթե դա չի ստացվում, պետք է շատ աշխատել։ Հիասթափվել, ասել՝ մեզ մոտ անընդհատ օլիգարխներ են ընտրվում, սա էլ լուծում չի»,-նկատեց նա։ Maruqyan Կրեատիվ, նորարար գաղափարներ օլիգարխիկ պատգամավորներից չի կարելի սպասել, սրան պարոն Մարուքյանը համաձայն է։ «Ոչ միայն կրեատիվ գաղափարներ, այլև աշխատանք, մարդկանց ներկայացնել, աշխատել ընտրողների համար։ Փորձը ցույց է տվել, որ չկա նման բան։ Իրենք կարծում են, որ այդ ձայները գնել են ինչ-որ կերպ»։ Հարցին՝ եթե այսպիսի երիտասարդներ լինեին խորհրդարանի գոնե 90 տոկոսը, ինչպիսի՞ Հայաստան կունենայինք, նա նշեց. «Կարծում եմ՝ ամբողջությամբ այլ Հայաստան կունենայինք։ Այսօրվա մարտահրավերներին պետք է դիմագրավել 21-րդ դարի կրթությամբ, մոտեցումներով և տեխնոլոգիաներով։ Իսկ այդ մարդիկ չեն տիրապետում այդ տեխնոլոգիաներին, և անգամ գաղափար, տեսլական չունեն դրա մասին»։ Ֆորումը կշարունակվի մինչև հուլիսի 9-ը։