Թաց տոնը՝ Գառնիում և Գեղարդում. վարդեր բաժանվեցին
Թաց տոնը կայացավ. Գառնիում և Գեղարդում երրորդ անգամ մեծ շուքով նշվեց Վարդավառը: Կազմակերպիչը Երիտասարդական ակումբների դաշնությունն է: Առավոտյան Գառնիում տեղի ունեցավ Վարդավառին նվիրված տաղավարների բացումը: Դրանցից յուրաքանչյուրը տոնի մեկ տարրն էր ներկայացնում:
Տաղավարներից մեկում ուտեստներ էին, մեկում ձեռագործ աշխատանքներ: Այնուհետ Գեղարդի վանքում տեղի ունեցավ պատարագ, որից հետո կատարվեց երիտասարդության օրհնության կարգ: Սրան հաջորդեց մատաղի օրհնության կարգը: Քահանայի խոսքերից հետո մատաղը բաժանվեց ներկաներին: Գեղարդում մեկնարկեց երգ ու պարը, որը շարունակվեց նաև Գառնիում: ,,Վան,,, ,,Ակունք, ազգագրական երգի-պարի համույթների և ,,Վահագն,, դհոլահարների անսամբլի հնչյուններն անտարբեր չթողեցին ներկաներին: Գառնիում ներկաները միմյանց ցողեցին ջրով, հետո հետևեցին ծիսակատարության բեմականացմանը:
,,Փառատոնը յուրօրինակ կերպով հասարակության լայն շերտերին հաղորդակից է դարձնում ազգային տոներին: Երիտասարդ խաղավարների միջոցով հիշեցնում ենք այն խաղերը, որ մեր նախնիներն են խաղացել,,-ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, "Վարդավառ" միջազգային փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը: Գեղարդում ներկաներին խորհրդանշական վարդեր բաժանվեցին: Միջոցառումը եզրափակվեց Գառնիում' մի քանի հարյուր մասնակիցների ավանդական շուրջպարով:
