83 զոհ Իրաքում. «Իսլամական պետության» թիրախում շիաներն են
Առնվազն 83 զոհ և 176 վիրավոր. Իրաքի պաշտոնյաները hայտարարել են մայրաքաղաք Բաղդադում երկու պայթյունների հետևանքով մարդկային կորուստների թիվը։ Բրիտանական The Guardian-ի փոխանցմամբ՝ առաջին պայթյունը որոտացել է շիաների համար սրբավայր համարվող Կարրադա թաղամասում. ռումբը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ։ Առաջին պայթյունին հաջորդել է ևս մեկը՝ քաղաքի հյուսիսային հատվածում. ինքնաշեն ռումբը պայթել է շուկայի մոտակայքում։ Զոհերի մեջ կան երեխաներ։ Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Ահաբեկիչները հայտարարել են, որ իրենց թիրախը եղել են շիաներով բնակեցված Կարրադա և Շաաբ շրջանները։ Ջիհադական խմբավորումը գտնում է, որ Իրաքի շիականները հերետիկոսներ են և հաճախ է նրանց հարձակումների թիրախ դարձնում։ Հուլիսի 1-ին էլ «Իսլամական պետության» զինյալները կրակ էին բացել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի դիվանագիտական թաղամասում։ 20 մարդ մահացել էր, հատուկ գործողության արդյունքում հաջողվել էր 18 հոգու փրկել։ 2014 թվականին, երբ «Իսլամական պետությունը» գտնվում էր հզորության գագաթնակետին, վերահսկում էր Իրաքի տարածքի 1/3-ը։ Այժմ, կառավարության տվյալներով, միայն 14%-ն է նրանց վերահսկողության տակ։