Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայազն»-ը  ընտրությունների հայտ է ներկայացնում (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Hamagumar

Այսօր տեղի ունեցավ «Հայազն» կուսակցության 3-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցության վարչության անդամները հայտարարեցին, որ պատրաստվում են մասնակցել 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին։ Համագումարի ընթացքում հրապարակվեց նաև կուսակցության կողմից ընդունած Հռչակագիրը, որում   մասնավորապես ասված է. «Վերահաստատելով մեր սկզբունքային և հիմնավորված համոզմունքը, որ Հայաստանի, այսպես կոչված, Երրորդ Հանրապետությունը գործուն, արդյունավետ, արդար և անվտանգ Ազգային պետությանը հարիր պետական ձև  չէ և ենթակա է պարտադիր հեղափոխական փոփոխության։ Մենք գիտակցում ենք, որ այդ փոփոխությունը հնարավոր է միայն, որպես առաջին քայլ տվյալ վարչախմբի անվերապահ ամբողջական հեռացումից հետո։ Չվստահելով երկրում գործող այլասերված ընտրական համակարգին, ինչպես նաև թերահավատորեն վերաբերվելով Հայաստանում, այսպես կոչված «լիբերալ դեմոկրատիայի» ըստ էության կիրարկելիության և արդյունավետությանը, մենք ևս մենք անգամ հաստատում ենք , որ ազգային-ազատագրական գաղափարախոսությունը լայնորեն քարոզելու, մեր շարքերը ընդլայնելու և ամրապնդելու նպատակով մասնակցելու ենք Ազգային ժողովի ընտրություններին»։ Diana- nkar Armen Mkrtchyan Հռչակագիրը բաղկացած է 14 կետից, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի վստահեցմամբ՝ իրենք հետամուտ են լինելու Հռչակագրում առկա կետերի իրականացմանը։ «Հռչակագիրը,  որպես ազգաին-հեղափոխական Հռչակագիր է ներկայացվել, այսինքն՝  ակնհայտ է, որ մենք այդ լուծումները պատկերացնում ենք հեղափոխական միջոցառումների և գործիքների օգտագործմամբ և ապագայում օգտագործելու ենք մեզ ընձեռնված և չընձեռված բոլոր հնարավորությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արմեն Մկրտչյանը։ Վերջինիս խոսքերով՝ որպես այդ գործընթացի առաջին քայլ  տեղական կառույցների ձևավորումն էր։ «Հույս ունենք, որ աշնանը այդ կառույցների և հազարավոր համակիրների մասնակցությամբ կկարողանանք անցկացնել նախընտրություն կոչվածը և առաջին անգամ Հայաստանի քաղաքական գործընթացների մեջ քաղաքական թիմի նախընտրական ցուցակը կձևավորվի ժողովրդի կողմից։ Սա մեր կարծիքով՝ մեր թիմի մրցունակ լինելու ևս մեկ ապացույց է, որովհետև մենք վախենալու ոչինչ չունենք։ Մեր ամբողջ քարոզարշավը  հիմնված է լինելու նորությունների վրա՝ հին ու ծեծված ընդդիմադիրներին հատուկ պրոցեսներից փորձելու ենք  հեռու պահել մեզ և փորձելու ենք արդյունավետ գործել»,-ասաց նա։ Diana- nkar Armen Hovhannisyan Հաշվի առնելով նախադեպերը, թե ինչ կերպ են Հայաստանում անցնում ընտրությունները, ի՞նչպես եք պատրաստվում պայքարել  ընտրակեղծիքների դեմ։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան կուսակցության վարչության մեկ այլ անդամ Արմեն Հովհաննիսյանը  շեշտեց. «Իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի կեղծեն և շատ մեծ հավանականություն կա,որ այս անգամ էլ ընտրությունները կեղծվելու են։ Մեզ համար կարևոր խնդիր է, որպեսզի թույլ չտանք լեգիտիմացնել  իրենց կեղծիքները,իրենց իշխանությունը։ Մենք դա ոչ մի դեպքում թույլ չենք տալու»։ Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք , թե ինչով է իրենց կուսակցությունը տարբերվելու հայաստանյան քաղաքական դաշտում առկա կամ վերջերս ստեղծված այլ  կուսակցություններից։ «Մենք չունենք որևէ արտաքին կողմնորոշում, մեզ համար դա մերժելի է։ Մենք չեզոք,ինքնուրույն,ինքնիշխան և միացյալ պետականության կողմնակից ենք։Մենք կաղապարված չենք ոչ մի սոցիալիստական կամ լիբերալիստական կամ չգիտեմ նման այլ  գաղափարներով և առաջարկում ենք  արմատական բարեփոխումներ, որոնք ըստ մեզ՝ կարող են մեզ հանել այս ճգնաժամից՝ առանց հղումներ անելու վենետիկյան կամ ոչ վենետիկյան հանձնաժողովների և այլն»,-պատասխանեց Արմեն Հովհաննիսյանը։ Իսկ ի՞նչպես են գնահատում իրենց կուսակցության շանսերը։ Վերջինս այս կապակցությամբ նշեց. «Մեր կուսակցության զուտ պաշարային հնարավորությունները, իհարկե, շատ սուղ են՝ համեմատած շատ այլ կուսակցությունների։ Այս փուլում ես, իհարկե,շատ իրատեսական եմ գնահատում իրավիճակը, մենք ռոմանտիզմով չենք տառապում, բայց մեր դերը այդ ընտրություններում կտրուկ տարբերվելու է՝ թե ընտրական գործընթացը տանելու մեթոդիկայով, թե առաջարկների արմատականությամբ և թե խոչընդոտների հաղթահարման տեխնոլոգիայով»։ Արմեն Հովհաննիսյանը կարևորեց նաև իրենց համակիրների ինստիտուցիոնալացումը։ Նրա տեղեկացմամբ՝ արդեն սկսելու են գործել նաև իրենց տեղամասային գրասենյակները։