Մարդկանց թույլ չեն տալիս առեւտուր անել, տաքսիներով ճանապարհում են
«Եկել եմ այստեղ հացի փող աշխատելու համար, խփում են գլխիս, թե գնա այնտեղ: Հնարավորություն չունեմ գնամ Հրազդան ստադիոն»,- այսօր Վերնիսաժում բողոքում էր 70-ամյա Գոհար Գասպարյանը: Նա արդեն 15 տարի է առեւտուր է անում Վերնիսաժում:
Մոտ 300 առեւտրականների այսօր առավոտյան թույլ չի տրվել վաճառել իրենց իրերը: Մարդկանց նույնիսկ գումար է տրամադրվել, տաքսիներով «Հրազդան» մարզադաշտ գնալու համար: Առեւտրականները նշում են՝ շատերին ստիպելով նստեցրել են մեքենաներ եւ ճանապարհել:
Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ հուլիսի 1-ից Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, փակվելու է: Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակից Արա Մկրտչյանը համոզված է՝ մարդկանց նորմալ պայմաններ է առաջարկվում. «Այնտեղ լավ պայմաններ են, ծածկ կա, գոյություն ունեն պահեստներ եւ սանհանգույց»:
Իսկ Վերնիսաժի տարածքից չհեռացած առեւտրականներն ասում են՝ վաղը կրկին փորձելու են իրենց ապրանքները շարել եւ առեւտուր անել:
«Մենք մեր հաճախորդներն ունենք, որոնք երբեք չեն հասնի Հրազդան՝ առեւտուր անելու»,-հավաստիացնում են նրանք:
