Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես խուսափել սնկի թունավորումից

Հասարակություն
sunk

Հանրապետությունում այս տարի արձանագրվել է սնկից թունավորման 12 դեպք` 21 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Մահվան ելք չի արձանագրվել: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման  9 դեպք՝ 11 տուժածով, որից 3-ը մինչև 14 տարեկան երեխաներ: Մահվան ելք չի արձանագրվել: Թունավորման դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում: Բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում: Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, որոնց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է` • չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ • չհավաքել ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում աճած սնկերը, քանի որ թունավոր նյութերը կուտակվում են սնկում, որը օգտագործման համար դառնում է ոչ պիտանի • սննդում չօգտագործել հում սունկ • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը: Առողջապահության նախարարություն