Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2 օր է՝ տանիքում եմ քնում». Արթիկի բնակիչները՝ կրած վնասների մասին (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-bnakich

«Իմ տունն ամբողջապես խայտառակ վիճակում է, տուն չի մնացել; Երկու օր քնել եմ տանիքում, 70 տարեկան մարդ եմ ու քնում եմ տանիքում: 7 հոգանոց ընտանիքս ամեն մեկին մի հարևանի, մի բարեկամի տանը թողել եմ , որ փողոցներում չքնեն,  շիվարել մնացել եմ, չգիտեմ էլ թե ինչ անեմ: Տունս մենակ պատերն ու  տանիքն է մնացել, ներսում ամբողջությամբ  մեկ ու կես մետրի չափ ջուր է  լցվել  ու լճի նման կանգնել , ամեն ինչը շուռ է տվել»,- պատմում է Արթիկի բնակիչ  70-ամյա Լյովա Մողրովյանը: Վերջինս հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցած   ջրհեղեղի տուժածներից է: Լյովա Մողրովյանի տեղեկացմամբ՝ իր կրած վնասը գնահատվել  է մեկ միլիոն 900 հազար դրամի չափով, մինչդեռ  նա  համաձայն չէ այդչափ գումարի հետ՝ շեշտելով, որ անտուն մնալն ու այդքան փող ստանալը՝ անհամաչափ է: «Իմ վնասը շատ-շատ է, էդ մեկ միլիոնը, որ ես Արթիկում ման գամ, ինքս էլ կճարեմ, վարչապետն անձամբ եկել  ու տեսել է իմ տան վիճակը ու խոստացավ, որ ինձ բնակարան կհատկացնեն, բայց ու՞ր ա,  7 հոգի ենք ու մնացել ենք դրսերում»,-իր մտահոգությունը հայտնեց նա: Արթիկի մեկ այլ բնակիչ Արտավազդ  Կարախանյանի տունը թեև սելավներից  չի տուժել, սակայն սելավները ավերել են նրա անասնագոմն  ու քշել –տարել տասնյակ գլուխ անասուններ: «Ունեցել եմ երկու մայր խոզ՝ խոճկորներով, 1200 թև ճուտ, հավ, բադ, ղազ, 9 գլուխ հորթ: Այդքանից փրկվել է ընդամենը 11 հատ խոզ: Իմ փոխհատուցումը գնահատել են  655 հազար դրամ: Մի անգամ եկել ու լուսանկարել են իմ գոմը ու էդ մի նկարով որոշել են, որ էդքան  կվճարեն: Ընդհանրապես փոխհատուցման ծրագրի մեջ էլ չեն մտցրել անասնագոմս, էդ 655 հազար դրամն էլ գրել են որպես պարիսպի փլուզում, բայց ինչ պարիսպի մասին է խոսքը, իմ մոտ պարիսպ չի փլուզվել, իմ  այդքան անասուններից եմ զրկվել, ես դրանով եմ իմ ապրուստը հոգում, հիմա ես ինչ պիտի անեմ»,- վրդովված նշեց  Արտավազդ Կարախանյանը: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը վստահեցրեց, որ հեղեղումներն առաջացել են միայն  տեղումների պատճառով, որոնք միախառնվելով սարերի դեռևս չհալված ձյան հետ՝ առաջացրել են այդպիսի աննախադեպ հեղեղներ: «Աղետի պատճառն աննախադեպ առատ տեղումներն էին, որոնք եղել են Արագածի ստորոտին, Արթիկի վարչական տարածք համարվող արոտներում և շուրջ ժամ ու կես տեղացել է ինտենսիվ կարկուտ և Արթիկի բնական ջրերով ՝ խառնվելով  սարերի ձյան հետ, լանջերին ավերելով խոշոր ժայռաբեկորներ, քարերի կտորներ՝   հոսել է դեպի քաղաք՝ առաջացնելով  աղետալի վիճակ: Ես  15 րոպե առաջ տեղեկացված եմ եղել, որ  ջրի առատ հոսք է գալիս քաղաք, բայց նման ծավալի ջրի մասին ամենադաժան երազում անգամ պատկերացնել  հնարավոր չէր, որովհետև Արթիկի պատմության մեջ նման կարգի հեղեղում չէր եղել»,-նշեց Արսեն Աբրահամյանը՝ հակադարձելով նաև մեղադրանքներին, թե  հեղեղատարների  ոչ մաքուր լինելու պատճառով է այդ վիճակն առաջացել: Մինչդեռ  լուրեր են շրջանառվում նաև, որ հեղեղի պատճառը ոչ միայն կարկուտն ու հորդառատ անձրևներն են եղել, այլև այդտեղ կառուցված ձկնաբուծարանները, որոնց փլուզված ավազանների հսկայական ծավալի ջուրն է նաև  լցվել հեղեղատարները՝ նպաստելով  ջրի մակարդակի բարձրացմանը:  «Ա1+»-ի այս դիտարկմանը  Արթիկի քաղաքապետը պատասխանեց. « Կան կադրեր, որոնք ցույց են տալիս, թե այդ ձկնաբուծարաններն ինչ մասշտաբի են և ինչ ծավալի ջուր են կարողանում տեղավորել: Դա հաստատ այն ծավալի ջուրը չէր և  հաստատ էն կառույցը չէր, որի փլուզման հետևանքով հնարավոր լիներ այսպիսի հետևանքներ:  Դրանք 30-40 սմ-անոց պատնեշով և շատ թեթև ջրաքանակով ձկնաբուծարաններ են, որը համեմատելի չէ քաղաք լցված  ջրի քանակի հետ: Այդ ջուրը գոյացել է մինչև ձկնաբուծարաններին հասնելը»: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Արթուր Սողոմոնյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ ստեղծվել է վնասների գնահատման և փոխհատուցման  համապատասխան հանձնաժողով: Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե բոլոր ուժերը կենտրոնացած են եղել այդ օրը Հռոմի պապի այցելության վրա  և  բավարար չափով ուշադրություն չի դարձվել և ուժերը չեն մոբիլիզացվել Արթիկում կատարվածին , Արթուր Սողոմոնյանը հակադարձեց. «Հռոմի պապի այցելությամբ պայմանավորված միջոցառումները չեն խոչընդոտել Արթիկում կատարվող գործողություններին: Մենք շուրջօրյա աշխատանքներ ենք իրականացնում այնտեղ: Արթիկում ոչ թե կարճաժամկետ , այլ միջնաժամկետ ու երկարաժամկետ գործողություններ պետք է իրականացվեն՝ ամբողջական հետևանքները տեսնելու և դրանք վերացնելու ուղղությամբ»,-ասաց նա: Վերջինս նաև նկատեց, որ Կառավարության  երեկվա նիստում հայտարարվել է, որ 42 միլիոն դրամ է հատկացվելու Արթիկի քաղաքացիներին՝ վնասների աջակցության նպատակով, որից 22 միլիոնը՝ շենք-շինությունները վերականգնելու համար է նախատեսված: