Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորը ներարկումից հետո կորցրել է խոսելու, քայլելու ունակությունը (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
hrachya-gevorgyan

8 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Գեւորգյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային վերաբերմունք եւ  ճնշումներ են գործադրվում,  քանի որ նա չհնազանդվող կալանավոր է. այսօր այս մասին ահազանգեց Հելսինկյան ասոցիացիայի  իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. «Պատկերացրեք, որ մարդ ով գտնվում է խցում, նրա մոտից հեռացվում են բոլոր կալանավորները, որոնք ժամանակին օգնում էին պետքարան գնալու համար: Պատկերացրեք  մարդը ժամերով խնդրում է, որպեսզի գա մեկը եւ օգնի իրեն պետքարանից  օգտվելու»: 2011 թ ձերբակալված Հրաչյա Գեւորգյանի նկատմամբ ճնշումները սկսել են այն բանից հետո, երբ չի կատարել ղեկավարության պահանջները: «Ըստ Հրաչյա Գեւորգյանի, Դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ  2015 թ փետրվարին նրան բուժում իրականացնելու ընթացքում  ներարկում են այնպիսի նյութ, որ նա հայտնվում է սարսափելի ծանր վիճակում: Կոմայից դուրս գալուց հետո կորցնում է խոսելու, քայլելու ունակությունը, կլման ունակությունը»,- նշեց իրավապաշտպանը: Հրաչյա Գեւորգյանը  մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ: «Մենք այսօր չենք մտածում Հրաչյա Գեւորգյանի  անմեղ կամ մեղավոր լինելու մասին, մենք այսօր Հրաչյա Գեւորգյանի ապրել եւ չապրելու խնդիրն ունենք»: Իրավապաշտպան Արման Վեզիրյանը հայտարարեց՝ եթե մահանա Հրաչյա Գեւորգյանը,  ոչ ուղղակի մարդասպանները լինելու են  Արթուր Օսիկյանը, արդարադատության նախարարությունը, քրեակատարողականի աշխատակազմը: Հրաչյա Գեւորգյանի մոտ հայտնաբերվել են այնպիսի հիվանդություններ, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են. « Խոցից բացի, Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ , որը նրան ազատելու կարեւոր պատճառ է, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա»,- նշեց Նինա Կարապետյանցը: Նա  ավելացնում է՝  50 ամյա  տղամարդը հիվանդությունների պատճառով նմանվել է զառամյալ ծերունու. «Ես իրենից ներողություն եմ խնդրում՝ վեշի նման բերում են, դնում են»:  Նրա խոսքերով՝ մի անգամ նույնիսկ սայլակով տեղաշարժվող մարդուն ձեռքերից եւ ոտքերից բռնել եւ շպրտել են եւ սպառնացել՝  նյութի հրապարակման համար: Հրաչյա Գեւորգյանի մայրը միայն մեկ ցանկություն ունի՝ որդուն համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել: Քրեակատարողական վարչությունից  տեղեկացրին, որ Հրաչյա Գեւորգյանն անուշադրության չի մատնվում եւ նա անձամբ է դիմում գրել ՝ խցում մենակ մնալու համար, քանի որ այդպես իրեն ավելի հանգիստ է զգում: