«Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով» (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում շարունակեց քննարկել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նկատեց. «Կա մի ոսկի կանոն՝ եթե լավ տարբերակ չունես, ուրեմն ամրացրու եղածը, մինչդեռ հիմա դեմ արտահայտվելով այս համաձայնագրին՝ փլուզում ենք մեր անվտանգության համակարգը ու արդյունքում բերանքսիվայր կընկնենք գետին: Փորձ կատարվեց խեղել, շեղել գործընթացը լրիվ այլ ուղղությամբ: Ապրիլյան պատերազմը ուղղակի առիթ էր ոմանց համար, որ զրկեն մեզ նրանից, ինչ ունենք. իբր հայկական ելույթներ են ունենում, սակայն անպատասխանատու հակառուսական միտումներ ունեին: Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ միջազգային խաղի կանոնները փոխվել են՝ մեր խնդիրը հետեւյալն է՝այս ամենով մենք ուժեղանո՞ւմ ենք, թե ոչ: Խոսքը գնում է պաշտպանության մասին, իսկ ինքնապաշտպանությունը պետության սուրբ իրավունքն է: Ինչ վերաբերում հրաման տալուն ՀՕՊ-ի պարագայում, ապա եթե այդպես լիներ, մենք ապրիլյան պատերազմի ժամանակ էլ պետք է զանգեինք, ասեինք՝ կրակե՞նք, թե չէ. ինչ ունենք, դրանով էլ պաշտպանվում ենք: Պայմանագրերո՞վ են հարձակվում»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում հայտարարեց, որ այս համաձայնագրում ամեն ինչ պարզ է ու հասկանալի է հասկացողների համար. « Ես հայտարարում եմ, որ հանրությունը իրազեկված է, իսկ չորս հոգի ցուցարարը, չորս հոգի ընդդիմախոսները ոչ թե իրազեկված չեն, այլ չեն ցանկանում հասկանալ՝ ինչ էլ բացատրես, միեւնույնն է՝ նրանք ուղղորդված են: Եթե ունենք 4+4+4 ձեւաչափ, հիմա կարող ենք ստեղծել՝ 4+4+114, որտեղ 114-ը այս համաձայնագրի կողմնակիցներն են»: Նա նորմալ է համարում, որ մարդիկ ունեն իրենց կողմնորոշումը, սակայն թույլ չեն տա, որ որոշ մարդկային խմբեր որոշեն երկրի ճակատագիրը. «Նրանք, որոնք դեմ են, երբ խոսքը գնում է ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՀՕՊ-ի մասին, մարդիկ, որոնք դեմ են, երբ խոսքը գնում է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մասին. մենք չենք կարող մեր երկրի ճակատագիրը տանք այդ մարդկային խմբերին: Ռուսներին սիրում ես, թե չէ, աղջիկ ջան (նա խոսքը ուղղեց Զարուհի Փոստանջյանին-խմբ.), ում, ոնց ուզում ես սիրի, սակայն սա պատկառելի ամբիոն է, ու չէի ցանկանա, որ նման համաձայնագրի քննարկումը նման մակարդակ կրեր: Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով։ Այս համաձայնագիրը վավերացնելու ենք՝ առանց հաշվի առնելու նրանց կարծիքը: ՀՕՊ համաձայնագիրն ընդունելով՝ մենք չենք կորցնում մեր անկախությունը, այլ մեծացնում ենք մեր հնարավորությունը»: Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլարի ռուսական վարկի տրամադրմանը, ապա Վահրամ Բաղդասարյանը կրկին խոսքն ուղղելով դեմ արտահայտված պատգամավորներին՝ ասաց. «Ձեզ վտանգավոր է ինֆորմացիա տրամադրելը. այս ամբիոնից, երբ պետք լինի, մենք կհայտարարենք: Դուք ինֆորմացիա եք ուզում, որպեսզի ճշտեք դրա ստացման աշխարհագրությունը: Մենք չենք տա: Ժամ առաջ պետք է ազատվենք նման էլեմենտներից, որոնք վտանգ են մեր երկրի համար»: Եզրափակիչ ելույթով հանդես գալով՝ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, որ որոշ պատգամավորների ելույթներում դիլետանտական մակարդակով բարձրացվեց պաշտպանական համակարգի հարցը. «Դա որեւիցե եզր չունի առողջ բանականության հետ, խոսքի բարձր արժեքի հետ: Կամ տարբեր ածականներ օգտագործելով, կամ խորհրդավոր իմիտացիա անելու մեջ չէ խնդրի լուծումը, այլ բովանդակության մեջ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել պատգամավորների բացարձակ մեծամասնությանը, որոնք իրենց մեկնաբանությունները տվեցին, որ այս համաձայնագրով մենք լրացուցիչ ուժ ենք ավելացնում մեր պաշտպանական համակարգին, մասնավորապես ՀՕՊ-ին՝ դարձնելով ավելի մարտունակ»: