«Գեներալական մտքերով չեք փայլում, մաքսիմում՝ եֆրեյտորական» (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում շարունակեց քննարկել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նախ նշեց, որ իր համար մտահոգիչ կետեր կան համաձայնագրում. «ՌԴ-ի՝ ստրատեգիական դաշնակցի մասով համաձայն եմ, սակայն թուրքերն էլ մեր ստրատեգիական թշնամիներն են: Իսկ ռուսների արածներն էլ հակասական են եղել մեզ համար: Ջահելները պետք է իմանան, որ չորս անգամ Կարսը գրավվել ու հետ է տրվել: Այդ մասին խոսում է միայն, հազար ներողություն եմ խնդրում, մի խմբակցություն, որը էլ գոյություն չունի: Ուզում եմ ասել, որ ես այստեղ չեմ եկել որպես հակառուսական մարդ ու ոչ էլ պատրաստվում եմ քծնել...»: «Պարոն Բագրատյան, եթե այստեղ քծնողներ կան, անուններ տվեք: Ընդմիջմանը դրա մասին կխոսենք»,- բարկացած արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես չասացի, որ քծնողներ կան, ես շատ հանգիստ ելույթ եմ ունենում: Ընդամենն ասացի, որ ես չեմ եկել այստեղ քծնելու համար»,- պարզաբանեց Հրանտ Բագրատյանն ու շարունակեց. «ՌԴ հետ մեր հարաբերություններին ես դեմ չեմ, սակայն դրանք պետք է լինեն արժանապատիվ: Ռուսների հետ մեր հարաբերությունները միշտ հակասական են եղել՝ նրանք եւ փրկել են մեզ, եւ քաշել: Ինչ վերաբերում է ՀՕՊ համաձայնագրին, ապա իմ կարծիքով՝ յոթանասուն տոկոսով այն համագործակցության մասին է ու մեծացնում է մեր հնարավորությունը: Սակայն գործարկման ժամանակ կարող է այն շուռ գալ մեր դեմ. միգուցե ժամանակի ընթացքում ՌԴ հետ հարաբերությունները փոխվեն: Կարող է գա մի պահ, որ ՌԴ-ն ասի ՀՀ-ին՝ ես կայսերական հարաբերություններ եմ արել ու ուզում եմ անել իմ հարեւանների հետ»: Պարոն Բագրատյանը խոսեց նաեւ բառերի իմաստային նրբությունների մասին, որոնց մասին երեկ անընդհատ ընդգծում էին. «Ասում են՝ միասնականը ավելի վատ բան է, քան միավորումը: Նման տարբերություններ չկան, ես նայել եմ բառարանները: Նույնն էլ վերաբերում էր կառավարում ու ղեկավարում բառերին»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր սովորույթի համաձայն որոշեց արձագանքել նախորդ ելույթներին, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի ելույթին. «Կան գործընկերներ, որոնք հանուն հայրենիքի դեմ են պետությանը: Ես չեմ հասկանում հատկապես իմ գործընկերուհուն: Ձեզ վարձատրողները չե՞ն հասկանում, որ դուք գեներալական մտքերով չեք փայլում, մաքսիմում՝ եֆրեյտորական»: