Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում եք, որ ինչ-որ մեկը մեզ զե՞նք վաճառի այսքանից հետո» (տեսանյութ)

Քաղաքականություն
zara-3

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում շարունակեց քննարկել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը։ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ մենք այլեւս անկախ քաղաքականություն չենք վարում. «Գնացել են Մոսկվա ու մեր անունից հայտարարել այսպիսի համաձայնագրի վավերացման մասին: Դարձել ենք ՌԴ արբանյակը: Իհարկե, ՌԴ-ն իր շահերը ունի մեր երկրում, ու նաեւ չեն փոխվել ՌԴ ու Թուրքիայի եղբայրության, բարեկամության՝ 1921թ. պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում էին մեր տարածքներն: ՌԴ-ն ոչ թե օգնելու է մեզ, այլ ցանկացած պահի, ինչպես ժամանակին հանձնել է մեր տարածքները, Կարսում գտնվող մեր զինամթերքը չի օգտագործվել, այդպես էլ հանձնվելու են այսօր»: Ըստ նրա՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որեւէ արձագանք չեղավ ՀԱՊԿ-ի կողմից. «Ամպագոռգոռ գոռում եք, որ այդ ուղղաթիռները թռչելու են, ո՞վ է ձեզ թույլ տալու, դուք ո՞վ եք, դուք ընդամենը արբանյակ եք, ձեր ղեկավարությանը ՌԴ են կանչում ու այնտեղից հայտարարություններ անում: Դառնալով արբանյակ՝ կորցրել ենք մեր բոլոր այլընտրանքային հնարավորությունները: Ու ուզում եք, որ ինչ-որ մեկը մեզ զե՞նք վաճառի այսքանից հետո: Մենք քաղաքական, ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածք ենք ու այս դահլիճում գտնվող բոլոր ուժերը ՌԴ քաղաքականության տակ են, ու ինքներդ եք հրաժարվել բոլոր այլընտրանքներից»: Տիկին Փոստանջյանի համոզմամբ՝ մենք շուտով դառնալու ենք թատերաբեմ՝ ռազմական գործողությունների համար. «Քառօրյա պատերազմը հենց այնպես չեղավ. մենք օգնեցինք ԵՏՄ արհեստական փաստաթղթերի կայացմանը: ԵՏՄ անդամները մեր թշնամիներն են ու լավագույն բարեկամներն են մեր թշնամու: Ադրբեջանն է  հիմա ուզում անդամակցել ԵՏՄ-ին: Տնտեսական ու ռազմական առումով մենք մեզ փակուղու մեջ ենք գցել»: Նրա ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով նաեւ տեղից արձագանքող պատգամավորներին. «Պետք է հարգենք բոլորի խոսքի ազատության իրավունքը: Հարցեր ունեք, դասամիջոցին, էէէ, ընդմիջմանը կպարզեք: Ինչ վերաբերում է այս փաստաթղթի վավերացմանը, ապա այն անհրաժեշտ է մեզ: Կա բացահայտ ճշմարտություն՝ մեր նման երկիրը պետք է դաշնակցի այն պետությունների հետ, ում բանակները գտնվում են մեր տարածաշրջանում: Մեր տարածաշրջանում դրանք թուրքականն են ու ռուսականը: Մենք պետք է դաշնակցենք ռուսականի հետ, ու այդ համագործակցությունը ռազմավարական է ու երկարաժամկետ: Իսկ բոլշեւիկներին ու ՌԴ-ն մի նույնականացրեք, քանի որ բոլշեւիկները ՌԴ-ին էլ են վնասներ հասցրել: Թուրքիայի ու ՌԴ-ի շահերը ինչքան էլ համընկնեն, մեր տարածաշրջանում նրանք ոչ միայն մրցակիցներ են, այլեւ հակառակորդներ»: Զարուհի Փոստանջյանը տեղից սկսեց արձագանքել, սակայն նրան ձայնի իրավունք չտվեցին: