Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասարակությունը շատ հանդուրժող է խոշտանգումների նկատմամբ» (տեսանյութ)

Հասարակություն
alumyan

Նախաքննության ընթացքում խոշտանգումների երեք գործով  փաստաբան Հայկ Ալումյանը հաջողության է հասել ՄԻԵԴ-ում: «Եթե իմ պաշտպանյալները պատրաստ լինեին ու բարձրաձայնեին խոշտանգումների բոլոր դեպքերը եւ պայքարեին ինձ հետ միասին, ապա դա կլիներ ոչ թե 3, այլ 30 հաղթանակ»,-այսօր «Մեդիա Կենտրոնում»  կազմակերպված քաղաքացիական հասարակությունն ընդդեմ խոշտանգումների. Խոշտանգման դեպքերը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշեց փաստաբանը: Ընդդեմ Հայաստանի Հանրապետության այս տարիների ընթացքում խոշտանգումների գործով  կայացվել է 12 վճիռ: Պատճառը, ըստ փաստաբանի այն է, որ   միայն այդքան մարդ է հետեւողական եղել իր իրավունքների համար: Անձանց նկատմամբ բռնությունները հիմնականում  կիրառվում են ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար: Մեղադրական դատավճռի հիմքում էլ դրվում են  այդ ցուցմունքները. «Ասում է պահանջարկը ծնում է առաջարկ:  Եթե դատարաններում կա պահանջարկ  ցանկացած գնով վերցված ցուցմունքների, ցանկացած խոշտանգումների միջոցով վերցված ցուցմունքներն օգտագործել, կլինեն նաեւ խոշտանգումներ, ցուցմունք կորզողներ»: Հարցաքննության ժամանակ քննիչի գոռալուն եւ սպառնալուն անձամբ ականատես է եղել իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը: Շատերը դա համարում են սովորական վարքագիծ եւ վախենում  բարձրաձայնել: «Պարզ ակնհայտ տեսնում են ոնց է քննիչը խոսում, ոնց է վերաբերվում, ավելի լավ է ասում է  ես էլ խելոք ինչ -որ պետք է գրեմ»,- ավելացնում է իրավապաշտպանը: Խոշտանգումների դեմ պայքարի գլխավոր ցուցիչը, ըստ Հայկ Ալումյանի այն է, թե քանի մարդ է խոշտանգման համար պատասխանատվության ենթարկվել, մինչդեռ մեզ մոտ ոչ-ոք  քրեական պատասխանատվության չի ենթարկվում: Ի դեպ, ըստ իրավապաշտպանների  հասարակությունը շատ հանդուրժողական է խոշտանգումների փաստերի  նկատմամբ եւ կա  տեսակետ , եթե անձը հանցագործություն է կատարել՝ ուրեմն պետք է ենթարկվի ցանկացած խոշտանգման: