Բացել լրահոսը Փակել լրահոսը
21
A A
Պաշտոնական

Կապսի ջրամբարի շինարարությունը շարունակում է մնալ ռազմավարական առաջնահերթություն

Շիրակի մարզ այցի շրջանակում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանը գտնվել են «Շիրակ» ՋՕԸ-ում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, լսել աշխատակիցներին հուզող հարցերն ու մտահոգությունները։
 
Ինտերակտիվ հարցուպատասխանի և քննարկման ընթացքում կարծիքներ են հնչել, որ մարզում առկա է գյուղատնտեսության վարման, մասնավորապես՝ այգեգործության և մշակաբույսերի ճիշտ ընտրության վերաբերյալ գիտելիքի պակաս։ Առաջարկվել է դիտարկել գյուղատնտեսական վարկերի տրամադրումը համապատասխան ուսուցողական ծրագրերին մասնակցության հետ կապելու հնարավորությունը։
 
Այնուհետև ՋԿ ղեկավար կազմը, «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Խաչատուր Խաչատրյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել ընկերության սպասարկման տարածքում, ծանոթացել գարնան նախապատրաստական աշխատանքներին։ 
 
Շիրակի մայր ջրանցքը մաքրվել է ձյունից և բերվածքներից, այդ ջրանցքի միջոցով էլ մեկնարկել են Կառնուտի ջրամբարի ջրալցման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է նաև Ջրային կոմիտեի նախագահը։
 
Այց է կատարվել նաև Սառնաղբյուրի ջրամբար, որտեղ առկա են ջրի ֆիլտրացիայի խնդիրներ․ ջուրը հեռանում է ծակոտիների միջոցով։ 
 
Ղալամքարյանը նշել է, որ խնդրի լուծման նպատակով արդեն իրականացվում են նախագծանախահաշվային աշխատանքներ։ Նախագծի ավարտից հետո կընտրվի կապալառու՝ անհրաժեշտ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
 
Այնուհետև պաշտոնյաները եղել են Արթիկ քաղաքում, որտեղ հանդիպել են համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի հետ։ 
 
Քննարկվել են ջրամբարների հակաֆիլտրացիայի, համայնքի ծայրամասերում ջրի հասանելիության, հնացած ենթակառուցվածքների հետևանքով ջրի կորստի, ինչպես նաև փակ համակարգերի փոխարինման և արդիականացման հարցերը։
 
Այցելել են նաև Կապսի ջրամբարի տարածք։ Արամազդ Ղալամքարյանն ընդգծել է, որ Կապսի շինարարությունը շարունակում է մնալ պետական ուշադրության կենտրոնում և համարվում է ռազմավարական նշանակության կարևոր ծրագիր։ Այն նախատեսված է էապես բարելավել Շիրակի մարզի ոռոգման համակարգը, ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը, իսկ տարիներով ձգձգվող խնդիրները շարունակում են խոչընդոտել այդ նպատակների լիարժեք իրագործմանը՝ ընդգծելով ծրագրի վերագործարկման անհրաժեշտությունը։
 
Այցելել են նաև Վարդաքարի ջրամբար, որտեղ ևս առկա է ջրի ֆիլտրացիայի խնդիր. չնայած ջրամբարն ունի ավելի քան 5 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, սակայն ներկայումս այն մասնակի է լցված։
 
Ղալամքարյանն ու Դաղբաշյանն այցելել են նաև Արթիկի ծրագրվող ջրամբարի տարածք։