Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հաջողված ելույթներ և նոր նպատակներ․ մարմնամարզիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը այս տարվա Աշխարհի գավաթի փուլերում հանդես է եկել բարձր արդյունքներով՝ նվաճելով ընդհանուր 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Հավաքականի գլխավոր մարզիչը նշում է, որ բոլոր փուլերում թիմի չորս մասնակիցներն էլ կարողացել են հասնել եզրափակիչ փուլ, ինչը, ըստ նրա, խոսում է կայուն և բարձր մակարդակի մասին։ Նրա խոսքով՝ մրցաշրջանը բավականին անկանխատեսելի է եղել՝ պայմանավորված նաև մրցաշարային օրացույցի փոփոխություններով. նախատեսված վեց փուլերից մեկը չի կայացել, ինչի հետևանքով ձևաչափը փոփոխվել է։

Մարզիչի խոսքով` գավաթի խաղարկության վերջին փուլում իր հնարավորություններից առավել ցածր հանդես եկավ Մամիկոն Խաչատրյանը` նժույգափափեր վարժությունում զբաղեցնելով 6 րդ հորիզոնականը:

 

Թիմի առաջատարներից Արթուր Ավետիսյանը դարձել է տարվա օղակների վարժության բացարձակ գավաթակիր՝ նշելով, որ արդյունքը ձեռք է բերվել մեծ աշխատանքի շնորհիվ, սակայն դեռ կան կատարելագործման ենթակա կողմեր։ Արթուր Դավթյանը, ով մրցաշրջանի սկզբում հանդես էր գալիս վնասվածքից հետո, ընդգծում է, որ աստիճանաբար վերականգնել է մարզավիճակը և կարողացել է արդյունավետ մասնակցել թե՛ հենացատկում, թե՛ օղակներում՝ հավելելով, որ առկա սխալների վրա աշխատանքը շարունակվելու է։

Կրկնակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը ևս ընդհանուր առմամբ դրական է գնահատում ելույթները և գոհ է արդյունքներից:

Հավաքականում նախատեսում են, որ կսկսվի նախապատրաստությունը Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է օգոստոսի 19–23-ը՝ Զագրեբում։ Թիմի նպատակը նաև թիմային պայքարում բարձր տեղ զբաղեցնելն է, ինչը հնարավորություն կտա հաջորդիվ աշխարհի առաջնությունում ևս հանդես գալ թիմային հաշվարկով։