Ծննդկանի մահվան գործը դատարանում է
Հուլիսի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Գործը վարելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Բալայանը: Ի դեպ, գործը 4 անգամ ուղարկվել է դատախազին՝ սխալները շտկելու համար: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները նրա մահվան մեջ մեղադրում են բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Մերի Մարգարյանի եղբոր խոսքով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: «Էրեբունի» ԲԿ-ում նրան անմիջապես կեսարյան հատում էին արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր էր եղել, 2 օր անց նա մահացել էր: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: Գործով որպես մեղադրյալ ներգրաված է նաեւ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը: Ըստ մեղադրանքի՝ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: