Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ-ն ապօրինի զավակն է, նրա մայրը՝ ՀՀԿ-ն (տեսանյութ)

Քաղաքականություն
EINlo_Ay9UY

ԱԺ-ում այսօր վերջին ելույթ ունեցողը Զարուհի Փոստանջյանն էր։ Նա մյուս պատգամավորներին հիշեցրեց, որ այժմ 3-րդ Ընտրական օրենսգիրքն է քննարկվում։ «Հավանաբար, միառժամանակ հետո կբերվի նոր Ընտրական օրենսգիրք։ Բայց ամենակարևորն այն է, որ այս Ընտրական օրենսգրքերը չեն ծառայելու մեր հանրությանը։ Այս օրենսգիրքը չի լուծելու այն հարցը, որը մեր առջև ծառացած է. մենք չենք կարողանալու զարգացնել քաղաքական համակարգը ՀՀ-ում։ Քաղաքական համակարգը կարող է զարգանալ, եթե կան մրցակցային քաղաքական կուսակցություններ։ Այս պարագայում կա մի, այսպես ասենք, քաղաքական միավոր, անվանումը՝ Հանրապետական կուսակցություն, որը ծնել է այս Ընտրական օրենսգիրքը, որն այս Ընտրական օրենսգրքի մայրն է։ Բայց պարզվում է՝ օրենսգիրքը հայր չունի, որովհետև չկա քաղաքական կոնսենսուս»,-ասաց նա։ Շարունակելով Ընտրական օրենսգրքի՝ ընտանիքի հետ համեմատությունը, պատգամավորը նշեց. «Ի՞նչ է ուզում անել այս ապօրինի զավակի մայրը. ուզում է  այնպես անել, որպեսզի ՀՀ-ն՝ որպես անկախ պետականություն, գոյություն չունենա. չլինեն համապատասխան թվով քաղաքացիներ, որոնք կարողանան ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, բանեցնեն իրենց իշխանությունը։  Սա է այս փաստաթղթի էությունը»։ Եվ այս ամենում նա մեղավոր է համարում իշխող ՀՀԿ-ին. «Այո, դուք չարիքի աղբյուրն եք»,-շեշտեց Զարուհի Փոստանջյանը։ Այդ պահին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միջամտեց՝ հորդորելով խոսել միայն ԸՕ փոփոխություններից։ «Մի օգտվեք առիթից, որ դուք իգական սեռի ներկայացուցիչ եք»,-ասաց նա։ Պարոն Շարմազանովը նշեց, որ պատգամավորն իր ելույթը կարող է շարունակել վաղը։