Սիզիփոսյան աշխատանք՝ ԸՕ-ի շուրջ (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստին այսօր Ընտրական օրենսգրքի 1-ին ընթերցմամբ քննարկմանը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, հարց ուղղելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, հետաքրքրվեց, որ ինքը չի լսել այնպիսի հայտարարություն, թե ընդդիմադիրները ընտրական գործընթացների համար անհրաժեշտ գումարի խնդիրը կլուծեն. «Նման հայտարարություն ես ինքս չեմ լսել: Ովքե՞ր են վստահեցրել, որ դոնորների փոխարեն կարող են նման գումարներ հայթայթել: Գիտեմ, որ հարցը նուրբ է, սակայն կարծում եմ, որ այս հարցը շատ կարևոր է»: Ըստ նրա՝ նոր ԸՕ-ում նախատեսվող բոլոր փոփոխությունները ավելի շատ կոսմետիկ փոփոխություններ են ու էական տարբերություն չեն բերի. «Ես չորս առաջարկություն եմ ուզում ներկայացնել՝ եթե ռեյտինգային քվեարկությունը մնում է, ապա դա կուսակցությունների ներսում լինի: Հետո՝ կոալիցիայի ձեւավորման համար թվի սահմանափակումը հանվի: Կանանց ներգրավվածության շեմը լավն է՝ 70/30 հարաբերակցությունը, սակայն կուզենամ, որ այս մոտեցումը անցումային դրույթից տեղափոխվի հիմնական»: Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե սրանք կոսմետիկ փոփոխություններ են, իսկ կոալիցիա կազմելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առարկությունը նա տեսական բնույթի համարեց: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ արեց այնպես անել, որ ԸՕ-ի շուրջ իրենց աշխատանքը չնմանվի սիզիփոսյան աշխատանքի. «Իսկ մեր որոշ գործընկերների այն դիտարկմանը, թե այս փոփոխությունների վերաբերյալ 4+4+4—ի ձեռք բերած համաձայնությունը ոչ թե տեխնիկաբանվորագյուղացիաինժներեական է, այլ քաղաքական»: Դավիթ Հարությունյանը նշեց, որ ճիշտ չի համարում, երբ համաձայնագիրը ստորագրելուց հետո ասվում է, թե ինչու կառավարությունը համապատասխան միջոցները չի հայթայթում. «Մենք ստորագրել ենք համաձայնագիրը՝ եթե դոնոր կազմակերպությունները չեն տալիս այդ գումարները, ապա այդ համաձայնությունները առ ոչինչ են: Անկախ ամեն ինչից, այս ընտրությունները պետությունն է իր ուսերի վրա վերցնելու, սակայն լրացուցիչ ֆինանսական բեռ իր վրա չի վերցնի, եթե դոնորները չհամաձայնվեն գումար տալ»: