Հռոմի պապը կուզենար արտասվել Ծիծեռնակաբերդում
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկան վերադարձին՝ ինքնաթիռում, բացատրել է, թե ինչու Երեւանում օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը՝ 1915թ հայերի նկատմամբ ոճրագործությունը որակելիս։ Սա այն տերմինն է, որն օգտագործվում է նրա հայրենիքում՝ Արգենտինայում՝ Առաջին համաշխարհային պատերամի տարիների հայերի մասսայական կոտորածները նկարագրելիս։ «Արգենտինայում, երբ ես խոսում էի հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործել եմ ցեղասպանություն բառը, և Բուենոս Այրեսի մայր տաճարում մենք խաչքար դրեցինք ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ես չգիտեի այդ իրադարձությունը նկարագրող այլ բառ: Երբ ես եկա Հռոմ, ապա լսեցի «Մեծ աղետ» արտահայտությունը, ինձ ասում էին, որ ցեղասպանություն բառը վիրավորական է: Բայց ես միշտ խոսել եմ 3 ցեղասպանության մասին` Հայոց ցեղասպանության, Հիտլերի իրականացրած և Ստալինի իրագործած ցեղասպանությունների մասին»,-ասել է նա։ Հռոմի պապը, որն առաջիկայում պատրաստվում է այցելել Լեհաստան, ներառյալ՝ Օսվենցիում, ասել է , որ նմանատիպ վայրերում, ինչպիսին է նաեւ Ծիծեռնակաբերդը՝ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանը, ինքը գերադասում է լուռ, մենակ աղոթել՝ «Ստանալու Տիրոջ շնորհը՝ արտասունք թափելու»։ Նա հույս է հայտնել,ո ր Թուրքիան եւ Ադրբեջանը , ի վերջո, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։Նա պատրաստվում է մինչեւ տարվա վերջ այցելել Ադրբեջան։ Վատիկանի ռադիոյի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ֆրանցիսկ պապն անդրադարձել է նաեւ միասեռականների նկատմամբ՝ Եկեղեցու վերաբերմունքին, Մեծ Բրիտանայի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքներին։ Պապը, նշելով, որ դեռ ժամանակ չի ունեցել հանրաքվեի պատճառները վերլուծելու, ընդգծել է. «Եղբայրությունն ավելի լավ է, կամուրջներն ավելի լավ են, քան պատերը»։ Ստեղծագործելն ու արդյունք տալը, ըստ նրա, երկու կարեւոր բառեր են այսօր ԵՄ-ի համար, որը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։