Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ. «Հաջորդ ընտրությունները հիացնելու են բոլորին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
elections20

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ  Հովհաննես Սահակյանը չի հավատում, որ ընդդիմությունը կոնսենսուսի է գնացել իշխանության հետ, քանի որ գիտի, որ ընտրություններն ազատ եւ արդար չեն լինի, ուստի իշխանությունը պետք է երաշխավորի գործող արմատական ընդդիմության տեղերը խորհրդարանում. «Ժողովուրդն է որոշում՝ ով որտեղ է լինելու»: Սակայն որքան էլ իշխանությունը եւ ընդդիմությունը կարծում է, որ Ընտրական օրենսգիրքը նախորդների համեմատ լավն է, հավատ չկա, որ Հանրապետականը չի կեղծի նաեւ խորհրդարանի առաջիկա ընտրությունները: Պարոն Սահակյանը սա գիտի. «Բայց մեր ընդդիմությունն ասում է, որ այ իշխանությունն ինչ-որ մի բան կմտածի»: Կոնսենսուսի մեջ քաղաքացիական հասարակության բացակայությունը պարոն Սահակյանին առանձնապես չի մտահոգում. «Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության սպեկտրը շատ ավելի լայն է, եւ դժվար թե նրանք ներկայացնեն ամբողջ էդ դաշտը»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը քաղաքացիական հասարակության ընկալման նոր տեսություն է առաջարկում, որպեսզի պարզ դառնա, որ նրանք նույնպես միացել են կոնսենսուսին. «Քաղաքացիական հասարակություն կոչվածը նաեւ քաղաքական կուսակցությունների անդամների շարքից է կամ նաեւ հակառակը՝ քաղաքական կուսակցության անդամները նաեւ քաղաքացիական հասարակության անդամներ են»: «Կոնսենսուսը լիարժեք է,-հայտարարում է խմբակցության 2-րդ դեմքը,-քանի որ բոլոր կուսակցությունները պաշտպանում են նոր ընտրական օրենսգիրքը: Եվ այստեղ, երկրորդ կարծիք չկա, կուսակցությունները մենակ չեն։ Քաղաքացիական հասարակությունը նույնպես պաշտպանում է այն առաջարկությունները, որոնք տեղ գտան արդեն փոփոխված նախագծում»: Երկու օր առաջ հանրահայտ ֆորմատի մասնակից, «Իրավունքի Եվրոպա» հկ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանն «Ա1+»-ին ասել էր, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի վատն է եւ չի երաշխավորելու առաջիկա ընտրությունների օրինականությունը. «Հակառակ դեպքում մենք կմիանայինք փաստաթղթին»: Գագիկ Մելիքյանն իրենն է պնդում՝ փաստաթուղթն այնպիսին է, որ հաջորդ ընտրությունները հիացնելու են բոլորին. «Արված է ամեն ինչ, որպեսզի 2017-ի ընտրությունները լինեն տարածաշրջանում, միգուցե նաեւ ամբողջ աշխարհում լավագույնը»: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ողջունում է ցանկացած երկխոսություն, սակայն կոնսենսուսի հետ հույսեր չի կապում՝ կկեղծեն նաեւ լավագույն օրենսգրքով. «Դրանք ոչ մի բան են, եթե չկա քաղաքական կամք»: Եթե առաջիկա ընտրություններն էլ Հանրապետականը կեղծեց, ուրեմն մեզ, ըստ պարոն Հակոբյանի, ասում է, որ դուք ապրելու իրավունք չունեք: