Գեւորգ Սաֆարյան. «Վկան ստել է դատարանի դահլիճում» (տեսանյութ)
Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով վկա, ոստիկան Վարդան Ապրեսյանն այսօր չէր հիշում, թե ինչ է տեղի ունեցել Ամանորի գիշերը Ազատության հրապարակում. «Ասում եմ, որ երբ վերջացավ միջադեպը, դուք ի՞նչ արեցիք, ասում եք չեմ հիշում»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին ձեռքով եւ ոտքով հարվածելու մեջ: Ակտիվիստը չի ընդունում մեղադրանքը: Ըստ պաշտպանի՝ միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ ոստիկանները թույլ չեն տվել եղեւնին մտցնել Ազատության հրապարակ: « Եթե չլիներ այդպիսի տեղեկություն, որ քաղաքապետարանը արգելել է տոնածառի տեղադրումը, խնդիր չէր առաջանա հավաքի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ: Եւ, քանի որ հստակ այդպիսի հրահանգավորում է ստացված եղել, հիմա վկաները փորձում են շրջանցել այդ հրահանգավորումը: Բարձրաստիճան պաշտոնյաները հրահանգ են տվել, ասել են , որ Երեւանի քաղաքապետարանը արգելել է տոնածառ մտցնել Ազատության հրապարակ»,- դատարանում հայտարարեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Վկա Վարդան Ապրեսյանն այսօր դատարանում հայտարարեց, թե հրահանգ իրենց չէր տրվել, մինչդեռ նախաքննության ընթացքում այլ ցուցմունք էր տվել: «Վկան դատարանի դահլիճում ասել է, որ նման հրահանգավորում չի եղել, այսինքն՝ վկան փաստացի ստել է դատարանի դահլիճում»,- ավելացրեց Գեւորգ Սաֆարյանը: Քանի որ վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասություններ կային, հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Վաղը պաշտպանական կողմը վկա ոստիկան Վարդան Ապրեսյանին հարցեր կուղղի: Ի դեպ, դատական նիստից հետո լրագրողի հարցին` ինչպես է գնահատում Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ նրանք, որոնք պայքարում են հանուն արդարության, հայտնվում են ճաղերի հետեւում: